Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ ապատեղեկատվություն է տարածվում, որը նպատակ ունի լարվածություն ստեղծել ջավախահայության շրջանում և հայ-վրացական հարաբերություններում։ Սոցցանցերով տեղեկատվություն է տարածվում, որ Վրաստանի տարածքով Թուրքիան զինյալներ է տեղափոխում Ադրբեջան:

«Կրկին շատ ակտիվ կերպով ապատեղեկատվություն է տարածվում, որ ավտոբուսներով Վրաստանի տարածքով պատրաստվում են զինյալներ տեղափոխել Ադրբեջան և ջավախահայերին կոչ է արվում փակել վրաց-թուրքական բոլոր անցակետերը։

Հայտնում ենք, որ վերոնշյալ տեղեկատվությունն ամբողջովին կեղծ է և միտում ունի լարվածություն ստեղծել ջավախահայության շրջանում և հայ-վրացական հարաբերություններում»,- ասվում է Վրաստանում Հայաստանի դեսպանության տարածած հայտարարության մեջ։

Միաժամանակ դեսպանությունը հորդորում է զերծ մնալ նմանօրինակ կեղծ լուրեր տարածելուց, որոնք հատկապես այս ժամանակահատվածում խիստ վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ։