Գրեթե 4 ամիս է Վրաստանի Հանրային հեռուստաալիքը լուրերը սինխրոն հաղորդում է հայերենով: Սակայն այդ մասին Ջավախքի բնակիչները չգիտեն:
Երկու րոպեանոց եթերը, որում համայնքի ներկայացուցիչները խոսում էին իրենց ներքին կյանքի մասին, որը պատրաստվում էր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար, անշահավետ էր: Այս մասին բազմիցս խոսել են ինչպես ոչ կառավարական կազմակերպությունները, այնպես էլ Ջավախքի բնակիչները: Այժմ հնարավորություն կա օրը երկու անգամ հայերեն, ադրբեջաներեն, աբխազերեն և օսերեն լեզուներով լսել Վրաստանի հանրային հեռուստաալիքի «Մոամբե» հիմնական լրատվականի թողարկումները:
Ջավախքի բնակիչների համար, ովքեր չեն դիտում վրացական ալիքները պետական լեզվի չիմացության պատճառով, դա հիանալի հնարավորություն է տեղյակ լինելու, թե ինչ է կատարվում ամբողջ Վրաստանում: Սակայն, այդ հնարավորությունից Ջավախքում դեռ չեն օգտվում: Մենք հարցում ենք կատարել Ախալքալաքի տարբեր գյուղերում և քաղաքի ավելի քան 55 մարդկանց շրջանակում: Նրանցից միայն մեկը պատասխանեց, որ երբեմն նայում է «Մոամբե»-ն Հանրային հեռուստատեսությամբ՝ հայերեն լեզվով և մեկ այլ բնակիչ էլ ասաց, որ լսում է լուրերը միայն վրացերեն լեզվով: Մնացած 53 հարցվողները կամ չեն դիտում լուրերը, քանի որ չեն տեսել և չգիտեն այդ հնարավորության մասին, կամ էլ հնարավորություն չունեն այդ ալիքը դիտելու: Հարցվածների զգալի մասը դեմ չի դիտել լուրերը հասանելի լեզվով, պարզապես չգիտի ինչպես:
Լուրերի սինխրոն թարգմանության նախագիծը Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների անդամների համար արդեն անցել է երկամսյա թեստային ռեժիմը: Դրանից կարող են օգտվել նրանք, ովքեր տանը ունեն թվային հեռուստատեսության ընդունիչ փաթեթ (Set top box): Լսելու համար «Մոամբե»-ն հայերեն լեզվով, պարզապես պետք է հեռակառավարման վահանակով փոխել լեզուն: Սակայն, այս ընդունիչ փաթեթը Ջավախքում ոչ բոլորը ունեն: Ապագայում նախատեսվում է սինխրոն թարգմանությամբ հեռարձակումը տարածել նաև այլ ծրագրերի՝ թոք-շոուների, ֆիլմերի վրա:
«Այս նախագիծը սինխրոն է, լուրերի ամենօրյա թարգմանությունը անում ենք Հանրային հեռարձակողի հետ միատեղ (Public broadcaster): Նախագծին աջակցում է ԱՄՆ դեսպանատունը: Այն նոր նախագիծ է, հնարավոր է որ նույնիսկ չգիտեն էլ դրա մասին, քանի որ հեռարձակումը սկսվել է սեպտեմբերին: Շատ քիչ ժամանակ է անցել: Վրաստանը անցել է թվային հեռարձակման, որպեսզի մենք կարողանանք զուգահեռ թողարկել հայերեն, ադրբեջաներեն հեռարձակում», – ասում է Վրաստանի շրջանային հեռարձակողների միության գործադիր տնօրեն Նաթիա Կուպրաշվիլին:
Ըստ Նաթիա Կուպրաշվիլիի, որակով թարգմանության համար երկար են թարգմանիչներ փնտրել:
«Ընդհանրապես թարգմանությունը կատարում են Ջավախքցի երիտասարդները: Պարզապես նրանց դժվար էր գտնել: Նրանք պրակտիկան անցել են Թբիլիսիում: Մենք նախագիծը սկսել ենք հուլիսին, բայց եթեր ենք դուրս եկել սեպտեմբերի 20-ին: Դեռ քիչ ժամանակ է անցել: Բացի դրանից դեռ մենք չենք տեղեկացրել մարդկանց: Դրա համար ես վստահ եմ, որ այնտեղ շատերը չգիտեն այդ մասին: Ընդ որում, Սամցխե-Ջավախքում չկա թվային հեռարձակում: Վրաստանի բոլոր մյուս տարածաշրջաններում տեղական հեռուստաալիքները հաղորդվում են թվային ֆորմատով, միայն Ախալքալաքի և Նինոծմինդայի հեռուստատեսությունները չկարողացան հաղորդել թվային ռեժիմով, ինչի պատճառով էլ հիմնականում Սամցխե-Ջավախքի բնակիչների մոտ չկա թվային հեռարձակման ընդունիչ», – ասում է Նաթիա Կուպրաշվիլի:
Ներկա պահին, քանի որ ծրագիրը տեխնիկական պատճառներով անհասանելի է Ջավախքի բնակիչներին նորությունները հաղորդվում են տեղական հեռուստատեսությամբ: Փարվանա ТV-ով՝ Նինոծմինդայում և ATV 12-ով՝ Ախալքալաքում, որոնք վերջերս ստացան հեռարձակելու արտոնագիր (լիցենզիա):
«Մոամբեն» հայերենով լսելու հնարավորության մասին տեղեկացնելու համար Վրաստանի շրջանային հեռարձակողների միությունը պատրաստվում է այս տարի քարոզարշավ անցկացնել:
«Մենք պատրաստվում ենք տեղում ստեղծել ցանցային հարթակ Ջավախքի բնակչության համար: Դա արբանյակային հեռարձակում չէ, այլ հաճախական հեռարձակում, ինչը կբարձրացնի ալիքների որակը և քանակը: Դրանից հետո ժողովրդին տեղեկացնելու ենք, որ նրանք կարող են դիտել ալիքները իրենց արբանյակի շնորհիվ: Ինչպես նաև տեղադրել մի փոքր ընդունիչ որով կկարողանան դիտել այն ալիքները, որոնք մենք եթեր կհեռարձակենք: Մենք պլանավորում ենք կատարել տեղեկատվական քարոզարշավ Հանրային ալիքների հետ», – ասում է Նաթիա Կուպրաշվիլին:
Ըստ նրա, ֆինանսական հնարավորությունների դեպքում, Ջավախքի բնակիչներին, ընտանիքներին, որոնք հնարավորություն չունեն ընդունիչներ գնելու դրանք կբաժանվեն անվճար, որպեսզի նրանք կարողանան լսել Հանրային հեռուստատեսության թարգմանած նորությունները:
Քրիստինե Մարաբյան