Հոկտեմբերի 2-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նիստում պատգամավորները Սակրեբուլոյի նախագահ են ընտրել Վահան Արոյանին:
Սակրեբուլոյի քսանվեց պատգամավորներից երկուսը բացակայում էին քվեարկությանը: Պատգամավոր Վարազդատ Արզումանյանը հրաժարվել է քվեարկել, իսկ մնացած քսաներեք պատգամավորները քվեարկել են նորընտիր նախագահի օգտին:
Վահան Արոյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին իրեն այս պաշտոնը վստահելու համար և հավաստիացրեց, որ համատեղ ջանքերով նրանք աստիճանաբար կլուծեն մունիցիպալիտետի բնակիչների խնդիրները:
Ըստ Վահան Արոյանի՝ իրենք կաշխատեն կառավարության ծրագրի համաձայն: Եվ վստահեցրեց, որ այնպես կանեն, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի ենթակառուցվածքները զարգանան և մունիցիպալիտետի բյուջեն ռացիոնալ բաշխվի:
Հարցին, թե ի՞նչ նախնական խնդիրներ եք տեսնում և ինչպե՞ս պետք է դրանք լուծեք, Արոյանը պատասխանեց, որ հիմնական խնդիրը կորոնավիրուսն է և բնակիչներին կոչ արեց պաշտպանվել կորոնավիրուսից և պահպանել հիգիենայի բոլոր կանոնները:
«Մենք ունենք հողի ու ջրի խնդիրներ, և այդ հարցերը պետք է բարձրացվեն խորհրդարանում»,-ասել է նա:
Վահան Արոյանը ծնվել է 1987 թվականին Հեշտիա գյուղում՝ ուսուցչի ընտանիքում: Ավարտել է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանը, մասնագիտությամբ՝ իրավաբան: Նա աշխատել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի ռեսուրս-կենտրոնում՝ որպես փաստաբան, աշխատել է նաև Կրթության նախարարության ենթակառուցվածքների վարչությունում՝ որպես փորձագետ-փաստաբան: Աշխատել է նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցներում՝ որպես իրավախորհրդատու: Դրանից հետո նա աշխատել է Նինոծմինդա քաղաքում գտնվող «Վրացական երազանք–ժողովրդավարական Վրաստան» կուսակցության շտաբում: Երեք տարի Սակրեբուլոյի պատգամավոր էր Հեշտիայի գյուղական համայնքում:
Հիշեցնենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանը հրաժարական էր տվել: Նա «Վրացական երազանք–ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից կուսակցական ցուցակով առաջադրվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Նյութը՝ «Nor.ge»-ից