Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է ԼՂՀ-ում զինված բախումները: Իր ֆեյսբուքյան էջում Սաակաշվիլին գրառում է հրապարակել, որում գրել է, որ մեծ ցավով է հետեւում իրավիճակի սրմանը: Ըստ նրա՝ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է»:
«Ադրբեջանի և Հայաստանի ռազմական բախումները մեծ անհանգստություն են պատճառում բոլոր նրանց, ովքեր հոգ են տանում մեր տարածաշրջանում խաղաղության և մեր ժողովուրդների բարեկեցության մասին: Այսօր ավելի մեծ արժեք չկա: Այդ պատճառով սրտումս մեծ ցավով եմ հետևում մարդկային կորուստներին և իրավիճակի սրմանը: Իմ դիրքորոշումը շատ հստակ է, այն հիմնված է պետության ամբողջականության սկզբունքի վրա, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է համարվում», – գրել է Սաակաշվիլին:
Ըստ Վրաստանի վարչապետի թեկնածուի, այս տարածաշրջանից յուրաքանչյուր «վտարված» իրավունք ունի վերադառնալ տուն և ապրել այնպիսի աշխարհում, որտեղ պաշտպանված են նրա իրավունքները: Սաակաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը շահագրգռված է կովկասյան երեք ժողովուրդների եղբայրական ու բարեկամական հարաբերություններով:
Նշենք, որ այսօր՝ Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու Մելիք Ռաիսյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը՝ աջակցություն հայտնելով հայկական կողմին:
««Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են կատարել Արցախի Հանրապետության վրա: Սա ադրբեջանական կողմի հերթական ագրեսիան է, որի արդյունքում զոհվում են անմեղ մարդիկ: Ադրբեջանին, թե մարդկային ռեսուրսներով, թե ֆինանսական, թե տեխնիկական անթաքույց օժանդակություն է ցուցաբերում Թուրքիան:
Անպայման ցանկանում եմ նշել, որ հայկական բանակը հերոսաբար մարտնչում ու լուծում է իր առջև դրված առաջադրանքը:
Ամբողջ հայ ժողովուրդը, այդ թվում նաև մենք` ջավախքցիներս ինչպես նախկինում, այդպես էլ այս օրհասական պահին և ապագայում եղել ենք, կանք և լինելու ենք Հայաստանի և Արցախի ազատության և իրավունքի կողքին:
Մայր Հայաատանում և Արցախում պետք է վստահ լինեն, որ մենք պատրաստենք ոչ միայն խոսքով և նյութական օգնությունով սահմանափակվել, այլ նաև պատրաստ ենք մի մարդու նման անհրաժեշտության դեպքում զենքը ձեռքերիս պայքարել քոչվոր և մարդատյաց ցեղերի դեմ»,- գրել է Մելիք Ռաիսյանը:
Լեռնային Ղարաբաղի շփման գծում բախումները սկսվել են սեպտեմբերի 27-ի լուսադեմին:
Կողմերը հայտնում են խաղաղ բնակչության և ռազմական կորուստների մասին: Երևանն ու Բաքուն միմյանց մեղադրում են իրավիճակը սրելու մեջ և սպառնում են ամենախիստ հակահարվածով: Հայաստանի իշխանությունները երկրում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք են հայտարարել: