Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում ներդրվել է մի ծրագիր, որտեղ սովորելուց հետո ուսուցիչները կստանան ավագ ուսուցչի կարգավիճակ։ Ինչպես նաև համալսարանի կրթության բաժամունքի ղեկավարի խոսքով, առաջիկայում հայոց լեզվի և գրականության ուսուցիչները ևս հնարավորություն կունենան քննություն հանձնել և բարձրացնել ուսուցչական կարգավիճակը, և ըստ այդմ էլ վարձատրվել:

Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի պրոֆեսոր Իռմա Քուրդաձեն, ով համալսարանի կրթության բաժանմունքի ղեկավարն է, առանձնակի ոգևորությամբ է նշում ծրագրի մասին։

«Մենք ունենք 60 կրեդիտ պարունակող ծրագիր, որտեղ, եթե ուսուցիչը ընդունվի և ավարտի, ապա միանգամից կդառնա ավագ ուսուցիչ։ Ներկա դրությամբ Ախալքալաքից և Նինոծմինդայից բազմաթիվ պրակտիկոս ուսուցիչներ ունենք։ Այս նախագծով սովորելու համար դիմորդները պետք է 10 կրեդիտ պարունակող առարկայի քննություն հանձնեն: Օրինակ. եթե ես ուզում եմ դառնալ աշխարհագրության ուսուցչուհի, հնարավոր է, որ իմ դիպլոմը չլինի աշխարհագրության մասնագետի: Անհրաժեշտ է բակալավրի դիպլոմ, ինչպես նաև քննություն հանձնողը պարտադիր պետք է 10 կրեդիտ ունենա տվյալ առարկայից, որ իրավունք ստանա սովորելու և ավագ ուսուցչի կարգավիճակ ստանալու», – ասում է Իռմա Քուրդաձեն։

Ծրագիրը գործում է Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի Ախալցիխեի մասնաճյուղում, բայց, եթե ցանկացողների քանակն ավելանա, ապա համալսարանի ղեկավարությունը կմտածի Ախալքալաքի մասնաճյուղում ևս իրագործել։

Պրոֆեսոր Իռմա Քուրդաձեն ասում է, որ առաջիկայում նախատեսվում է նմանօրինակ ծրագիր իրականացնել նաև հայոց լեզվի և գրականության ուսուցիչների համար, որպեսի նրանք նույնպես ավագ ուսուցչի կարգավիճակ ստանալու հնարավորություն ունենան։

«Նոր ծրագիր ենք ուզում սկսել հայոց լեզվի և գրականության ուսուցիչների համար, որը կգործի Ախալքալաքում, քանի որ հարցումները ցույց են տալիս, որ մենք ունենք հայոց լեզվի և գրականության ուսուցիչների պակաս, իսկ այն ուսուցիչները, ովքեր հիմա դասավանդում են արդեն տարիքով բավականին մեծ են: Այս կուրսն անցնելուց հետո ուսուցիչը կունենա ավագ ուսուցչի կարգավիճակ։ Նախագիծը արդեն պատրաստ է, դեռ պետք է լիցենզավորում ստանանք, այնուհետև կսկսենք ընդունելությունը», – ասում է պրոֆեսորը։

Առանց կարգավիճակի ու ցածր աշխատավարձով․ հայերենի ուսուցիչների վիճակը կմնա անփոփոխ

Հայոց լեզվի և գրականության ուսուցիչներն ի տարբերություն մյուս առարկաների ուսուցիչների մինչև օրս հնարավորություն չունեն իրենց առարկայից քննություն հանձնելով բարձրացնել կարգավիճակը, այդ իսկ պատճառով նրանցից շատերը ստիպված այլ առարկայից են քննություն հանձնում։ Այդպիսի ուսուցիչների քանակը Ախալքալաքում կազմում է՝ 53, իսկ ամբողջ տարածաշրջանում՝ 167։

Հատկանշական է, որ այս պահին Ախալքալաքի մունիցիպալիտետի տարբեր դպրոցներում կա 269 ավագ, 18 առաջատար և 1 մենթոր ուսուցիչ։ Կարգավիճակ ունեցող ուսուցիչների ընդհանուր թիվը Սամցխե-Ջավախքում կազմում է 42 689։

Հարկ է նշել, որ 2021 թվականի հունվարից 100 լարիով բարձրացել է կարգավիճակ ունեցող ուսուցիչների աշխատավարձը:

2017 թվականին Վրաստանի կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը փոփոխություն կատարեց ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրի մեջ և ներառեց՝ ավագ, առաջատար և մենթոր ուսուցիչների կարգավիճակ։ Կարգավիճակ ունենալու համար ուսուցիչները պետք է քննություն հանձնեն ընդհանուր ունակություններ և այն առարկայից, որը դասավանդում են։

Գայանե Ակոջյան