Արդեն 3-րդ տարին է ինչ իրականացվում է «Գարնանային աշխատանքներ» ծրագիրը՝ մինչև 1.25 հա ունեցող հողագործները կստանան վարելու և պարարտանյութի համար գյուղատնտեսական քարտեր:
Ախալքալաքի շրջանի հողագործների ցուցակը «Գարնանային աշխատանքներ» ծրագրի համար կազմվել է դեռևս 2014 թվականին, սակայն ամեն տարի այն ենթարկվում է փոփոխությունների։ 2015 թվականի տվյալներով Ախալքալաքի շրջանից ծրագրին մասնակցել են 13 437 ընտանիք, սակայն քանակը նույնը չի լինի 2016 թվականին։
«Օրինակ. եթե սեփականատիրոջ հետ դժբախտություն է պատահել, կամ նա այլևս Վրաստանի քաղաքացի չէ, և այլ պարագաներում, ցուցակից կրճատվում է», – ասաց Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվության և խորհրդատվության կենտրոնի ղեկավար՝ Ռամազ Գոգոլաձեն։
Ծրագրին կարող են մասնակցել մինչև 1,25 հեկտար հողամաս ունեցողները, որոնց համար նախատեսված է 140 միավոր ունեցող վաուչերներ՝ հողերը վարելու նպատակով։ Իսկ, եթե դաշտերը արդեն վարած են, ապա այդ միավորներով մարդիկ կարող են գյուղատնտեսական պարագաների գնումներ կատարել։
«Մեկ միավորին համապատասխանում է մեկ լարի, իսկ վարելահողի համար նախատեսված միավորները չօգտագործելու դեպքում դրանք կփոխանցվեն ագրոկրեդիտների վրա, որոնք կարող են օգտագործել պարարտանյութի և այլ պարագաների համար», – ասաց Ռամազ Գոգոլաձեն։
Մինչև 0.25 հա հողամաս ունեցողների դեպքում այլ է, քանի որ տեխնիկան չի կարող վարել փոքր հողամասերը, այդ պատճառով նախատեսված 50 միավորները միանգամից ագրոկրեդիտին է փոխանցվում։
2014 թվականը միակ տարին է եղել, որ առանձին միավորներ են հատկացվել վարելու և պարարտանյութի համար։
Ծրագրի նպատակն է զարգացնել գյուղատնտեսությունը և չթողնել անմշակ հողեր։ Մշակվող տարածքները 3 տարվա ընթացքում որոշ չափով ավելացել են: Այնուամենայնիվ գյուղացու համար մեծ խնդիր է հողի չսեփականաշնորհված լինելու փաստը, սակայն համապատասխան մարմինները արդեն դիմել են պետությանը, որպեսզի մինչև 2017 թվականը բոլոր հողերը սեփականաշնորհվեն, հակառակ դեպքում այն կփոխանցվի պետությանը։
Ջուլիետա Տոնականյան