Վրաստանում ավարտվել է անկախ թեկնածուների գրանցման ժամկետը: Վրաստանի ամբողջ տարածքում, սեպտեմբերի 14-ի դրությամբ, նախաձեռնող խմբի կողմից առաջադրվել և ընտրություններին մասնակցելու նպատակով գրանցվել են վեց անկախ թեկնածուներ, այդ թվում Ախալքալաք-Նինոծմինդա շրջանի խորհրդարանի ներկայիս պատգամավոր Հենզել Մկոյանը:
Հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, տարբեր ընտրատարածքներում, կմասնակցեն նախաձեռնող խմբի կողմից առաջադրված վեց թեկնածուներ:
Նախաձեռնող խմբի կողմից ընտրություններին մասնակցելու որոշում կայացրած վեց թեկնածուներն են.
.Բիձինա Գեգիձե – №2 մեծամասնական ընտրատարածք,
.Անա Դոլիձե – №6 մեծամասնական ընտրատարածք,
.Գիորգի Քաջաիա – №6 մեծամասնական ընտրատարածք,
.Իրակլի Կուջաբիձե – №7 մեծամասնական ընտրատարածք,
.Հենզել Մկոյան – №18 մեծամասնական ընտրատարածք,
.Դաթո Սարսանիա- №26 մեծամասնական ընտրատարածք:
Հենզել Մկոյանի թեկնածությունն առաջադրած նախաձեռնող խումբը բաղկացած է հինգ հոգուց: Դրանք են՝ Եվգենիա Կարապետյան, Շորենա Թեթվաձե, Արագեղեցիկ Սանոսյան, Արմինե Մինասյան և Ռոզա Ասլանյան:
Նշենք, որ Վրաստանի ընտրական օրենսգրքի 116-րդ հոդվածի, 9-րդ մասի համաձայն, ընտրողների նախաձեռնող խմբի կողմից թեկնածուի առաջադրումը պետք է հաստատվի համապատասխան ընտրատարածքում գրանցված աջակից ընտրողների առնվազն 1 տոկոսի ստորագրությունով: Իսկ եթե անկախ թեկնածուն խորհրդարանի գործող պատգամավոր է, ապա նրա առաջադրման համար ստորագրություն հարկավոր չէ: