Ախալքալաքի շրջանային ընտրական հանձնաժողովը չի բավարարել «Արդար ընտրություններ եւ միջազգային ժողովրդավարական հասարակություն» դիտորդական կազմակերպության բողոքը` ընտրական օրենսդրության խախտման պատճառով քաղաքապետի տեղակալ Արմեն Մառանգոզյանի դեմ վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու մասին, քանի որ նախընտրական լուսանկարները չեն հրապարակվել Արմեն Մառանգոզյանի կողմից, ինչպես նա է բացատրել։
Հոկտեմբերի 9-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Արդար ընտրություններ եւ միջազգային ժողովրդավարական հասարակություն» կազմակերպությունը գրանցել է 82 համարի ներքո բողոք, որը հոկտեմբերի 10-ին վերահասցեագրվել է թիվ 40 Շրջանային ընտրական հանձնաժողով, այսինքն` Ախալքալաք, ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիայի անունից նախագահ Հասմիկ Մառանգոզյանին:
Մասնավորապես, բողոքում նշվում է, որ քաղաքապետի տեղակալ Արմեն Մառանգոզյանը, աշխատանքային ժամերին, տեղեկություն է հրապարակել նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական այցի մասին իր ֆեյսբուքյան էջում, ինչը համարվում է Ընտրական օրենսգրքի իրավախախտում:
Դիմումը քննարկվել է թիվ 40 շրջանային ընտրական հանձնաժողովում եւ հոկտեմբերի 12-ին նամակ է ուղարկվել Արմեն Մառանգոզյանին:
Արմեն Մառանգոզյանը իր բացատրականում հանձնաժողովին գրում է, որ բողոքում նշված Ֆեյսբուքյան էջը հանդիսանում է իր սեփականությունը եւ հրապարակումը կատարվել է սեփական միջոցներից, այլ ոչ թե մունիցիպալիտետի տեխնիկայով:
«Սոցիալական ցանցում իմ էջից օգտվում եմ ոչ միայն ես, այլեւ իմ կինը` Մադոնա Հովհաննեսյանը, 2018 թվականի հոկտեմբերի 1-ին եւ 2-ին իմ էջում գրառումները տարածվել են հենց նրա կողմից», – գրում է նա:
Արմեն Մառանգոզյանը նաեւ բացատրում է, որ երբ հոկտեմբերի 12-ին Շրջանային հանձնաժողովի նամակից տեղեկացել է կատարված հրապարակումների մասին, գնացել է տուն եւ ջնջել այդ գրառումներն իր էջից: Այդ իսկ պատճառով նա կարծում է, որ իր կողմից խախտում չի եղել, ինչպես նաեւ վարչական ռեսուրսների օգտագործում, ինչը կարող են հաստատել նաև նրա ընտանիքի անդամները:
Այս բացատրության հիման վրա Շրջանային ընտրական հանձնաժողովը համարեց, որ դիտորդական կազմակերպության կողմից ընտրական օրենսգրքի նշված հոդվածների համաձայն, Արմեն Մառանգոզյանի կողմից խախտումները չեն հաստատվում եւ մերժեց դիմող կազմակերպությանը՝ իրավախախտման մասին արձանագրություն կազմելու համար: