Վրաստանի քաղաքացի ուսանողները, ովքեր սովորում են Հայաստանում և ներկայումս գտնվում են Վրաստանում, և ովքեր արդեն ուղարկել են իրենց տվյալները Հայաստանի կրթության նախարարություն, պետք է սպասեն Վրաստանի ԱԳՆ-ի պատասխանին, իսկ նրանք, ովքեր ոչ մի տեղ չեն դիմել, պետք է նամակ ուղարկեն անմիջապես Վրաստանի Արտաքին գործերի նախարարություն` երկրից ուսման նպատակով մեկնելու թույլտվություն ստանալու համար:
Ջավախքի ուսանողները, ովքեր սովորում են Հայաստանի տարբեր համալսարաններում, COVID-19-ի պայմաններում փակ սահմանների պատճառով, ուսման նպատակով չեն կարողանում Հայաստան մեկնել:
Հայաստանի կրթության նախարարություն դիմած ուսանողներն անորոշ վիճակում են: Վաղն ուսման առաջին օրն է, իսկ ուսանողները դեռ տեղեկություն չունեն` կարո՞ղ են հատել վրաց-հայկական սահմանը: Նախարարությունից հաղորդագրություն ստացած անձինք գնացել են սահման, որտեղից էլ նրանց հետ են ուղարկել: Հայաստանի բուհերում սովորող ջավախքցի ուսանողները հայտարարությամբ դիմել են Վրաստանում ՀՀ դեսպանություն:
«Ինչպես գիտեք, սեպտեմբերի 15-ին Հայաստանի բուհերում և քոլեջներում սկսվում են դասերը, բայց Հայաստանում սովորող Ջավախքի ուսանողները չեն կարող հատել վրաց-հայկական սահմանը: Օգոստոսի 15-ից մինչ օրս ուսանողները անհանգստացած են և դիմել են տարբեր հաստատությունների (Կրթության նախարարություն, Սփյուռքի նախարարություն, Վրաստանում Հայաստանի դեսպանություն)` խնդիրը լուծելու նպատակով: Հայաստանի համալսարաններն ու քոլեջները ուսանողների տվյալներն ուղարկել են համապատասխան հաստատություններ, սակայն այս պահին, բացի դիմորդներից, ոչ ոք չի կարող հատել վրաց-հայկական սահմանը: Ուսանողները մտահոգված են, քանի որ ոմանք չեն հանձնել քննությունները: Իսկ որոշ ուսանողներ էլ չեն կարող վճարել ուսման վարձը: Մենք խնդրում ենք Ձեզ հստակ տեղեկատվություն տրամադրել մեզ», – ասվում է ուսանողների հայտարարության մեջ:
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից JNEWS-ին հայտնեցին, որ անցած շաբաթ իրենք դիմել են Վրաստանի արտգործնախարարություն: Ուսանողները կարող են միայն սպասել: Իսկ այն ուսանողները, ովքեր չեն դիմել իրենց համալսարան կամ Հայաստանի կրթության նախարարություն` Վրաստան-Հայաստան սահմանը հատելու համար, պետք է լրացնեն ստորև նշված հայտը:
«Մենք ուսանողներին խնդրում ենք հայտադիմում ուղարկել համապատասխան ձևով: Հարկ է նշել, որ դիմումը պետք է գրված լինի հյուպատոսի՝ Գիորգի Տաբատաձեի անունով: Նախ մուտքագրեք Ձեր անուն-ազգանունը, հասցեն, կոնտակտային հեռախոսահամարը և անձնական համարը: Դրանից հետո նկարագրեք իրավիճակը: Վերջում նշեք ամսաթիվը և ստորագրեք հայտը: Սքանավորված տարբերակը ուղարկում եք մեր էլ. փոստին՝ consulinfo@mfa.gov.ge: Դիմումին կիցներկայացրեք Ձեր անձը հաստատող փաստաթղթիի պատճենը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև պահանջվող այլ փաստաթղթեր», – ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: