Հենզել Մկոյանի բենզալցակայանի մոտ՝ Ախալքալաքի մուտքին, գովազդային վահանակ տեղադրելու հարցը բաց է մնում: Ախալքալաքի քաղաքապետարանը չի կարող գտնել այն տեղադրելու համար թույլտվությունը, իսկ պատգամավոր Հենզել Մկոյանը վստահեցնում է, որ այդ փաստաթղթերը գոյություն ունեն, բայց քաղաքապետարանը ցանկություն չունի գտնել դրանք:
Կմնա՞ արդյոք գովազդային վահանակը, որի վրա տեսանելի ապագայում կտեղադրվի Հենզել Մկոյանի նախընտրական պաստառը, կախված է փաստաթղթերից, որոնք հաստատում են, որ տեղադրելու թույլտվություն կա: Ախալքալաքի քաղաքապետարանը դեռ չի գտել այդ թույլտվությունը:
«Մենք ուսումնասիրել ենք 2014 թվականի փաստաթղթերը և չենք գտել այդ որոշումը: Իսկ նրանք (խմբ.՝ Հենզել Մկոյանը) այն դեռ չեն ներկայացրել, դրա համար եւս մեկ օր ունեն: Եթե նրանք դա չներկայացնեն, ես դեռ չգիտեմ, թե ինչ կանենք, վարչական վարույթ կսկսենք: Կտեսնենք, թե ինչ ցույց կտա հետաքննությունը, թե որ ենթակետերն են խախտվել իրենց կողմից, որպեսզի դրա հիման վրա որոշում կայացնենք: Նրանք ունեն իրենց իրավունքները՝ օրենքով սահմանված կարգով: Մենք պետք է գրենք նրանց և գրավոր պատասխան ստանանք նրանցից: Այս հարցը չի կարող լուծվել մեկ-երկու օրվա ընթացքում», – ասում է Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:
Պատգամավորը վստահ է, որ նրանց ձեռնտու են խոչընդոտները ընտրարշավի ժամանակ՝ մեծ խնդիրներից ուշադրությունը սևեռելով դեպի փոքր խնդիրներ: Ըստ նրա՝ տեղադրման համար կան փաստաթղթեր, այլապես 2017-18 թվականներին դրանք վարձակալներին տրամադրելը անհնար կլիներ:
«Եվ հետո, սա ինչ մի մեծ խնդիր է, մենք գովազդային վահանակ ենք տեղադրել մեր սեփական հողատարածքում: Ես ուղղակի զարմանում եմ: Պարզապես պետք է որոնել, քանի որ այս փաստաթղթերը հասանելի են 2016 թվականից, ինչ վերաբերում է քաղաքապետարանին, ապա քաղաքապետարանը պարզապես չի ցանկանում որոնել: Նրանք դա հատուկ են անում: Ի վերջո, եթե նրանք ցանկանան, թույլ կտան տեղադրել և թույլատրությունը կտրամադրեն 5 օրվա ընթացքում: Սա մեծ խնդիր չէ, նրանք պարզապես ուզում են այն մեծ խնդրի վերածել: Կգա ժամանակ, երբ այս մարդիկ պատասխան կտան, ովքեր ամեն մանր բանից խնդիրներ են ստեղծում: Ես չգիտեմ, թե ինչու են նրանք շոու կազմակերպում, այդպիսի բաներ չի կարելի անել: Թող ամեն ինչ արդար լինի: Նրանք անընդհատ գոռում են «ժողովրդավարություն», որտե՞ղ է այդ ժողովրդավարությունը», – իրավիճակը մեկնաբանում է Հենզել Մկոյանը:
Որպես ապացույց՝ Հենզել Մկոյանը փաստաթուղթ է ուղարկել JNEWS-ին, որը թույլտվություն չէ: Այնուամենայնիվ, նա կարծում է, որ այս փաստաթուղթը հաստատում է իր ճշմարտացիությունը: Նշենք, որ քաղվածքի լուսապատճենին վրա հաշվեհամարը նշված է առանց անուն-ազգանվան, նշված են որոշակի գումարներ, որոնք փոխանցվել են գովազդային ծառայություններ մատուցելու համար: Այստեղ նշված են նաև «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» քաղաքական միավորումը և «Քարթու» բանկը: Ստորև Ձեզ ենք ներկայացնում այդ փաստաթուղթը:
«Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի փաստաբան Գիորգի Գուլիաշվիլին իրավական գնահատական տվեց իրավիճակին՝ հղում անելով օրենսդրությանը:
«Քարոզչական նյութերը կարող են տեղադրվել շենքերի և այլ օբյեկտների վրա դրանց սեփականատերերի կողմից կամ սեփականատերերի համաձայնությամբ (օրենսգրքի 46-րդ հոդված): Ըստ այդմ, Հենզել Մկոյանն իրավունք ունի իր նախընտրական քաղաքական գովազդը տեղադրել իրեն պատկանող գովազդային վահանակի վրա: Մունիցիպալ մարմինները պարտավոր են. սահմանել քարոզչական նյութերը տեղադրելու և գովազդելու տեղերը և (կամ) ստենդները: Նրանք նաև պարտավոր են փակցնել և տեղադրել քարոզչական նյութերը», – ասում է Գիորգի Գուլիաշվիլին` «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի իրավաբանը:
Մինչ այժմ, սակայն, Ախալքալաքի մուտքի մոտ տեղադրված գովազդային վահանակի ճակատագիրը մնում է հարցականի տակ: