Վրաստանի կառավարությունը հաստատել է այն արտասահմանցի այցելուների հայտադիմումների լրացման կանոնները, որոնք արտահաստիքային (ինքնազբաղներ, այսինքն՝ աշխատակիցներ, որոնք չեն հաշվառվում կազմակերպության աշխատակիցների հաստիքներում) աշխատակիցներ են, ովքեր աշխատում են հեռակա կարգով կամ կարող են իրենց բիզնեսը վարել աշխարհի ցանկացած կետից: Փաստաթուղթը հրապարակվել է matsne.gov.ge կայքում և ստորագրվել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի և Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի կողմից:
Փաստաթղթի համաձայն՝ այն անձը, ով ցանկանում է Վրաստանից հեռակա կարգով բիզնես/աշխատանքային գործունեություն ծավալել արտերկրում, պետք է հայտադիմում լրացնի էլեկտրոնային ձևով https://registration.gov.ge/ կայքում:
Հայտը պետք է լրացնել անգլերենով:
Ծրագրին մասնակցելու իրավունք ունեն օտար երկրների քաղաքացիները, որոնց ցանկը սահմանված է 2015 թվականի հունիսի 5-ի №256 որոշմամբ՝ Վրաստանի կառավարության որոշմամբ:
https://matsne.gov.ge/en/document/view/2867377. ԱՊՀ երկրների մեծ մասը, այս պահի դրությամբ, ընդգրկված չէ այս ցանկում:
– երկիր մուտք գործող արտահաստիքային աշխատակիցները պարտավոր են անցնել վճարովի 12-օրյա կարանտին և հանձնել PCR թեստ
– առնվազն 6 ամսանոց բժշկական ապահովագրություն պետք է ունենալ
– հաստատել (բանկային քաղվածքով, ընկերության հետ պայմանագրով) վերջին տարվա ամսական կտրվածքով առնվազն 2000 ԱՄՆ դոլար օրինական եկամուտը:
Հայտերը իրավասու մարմինը քննարկում է դիմումը ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:
«Հայտը լրացնող անձը պարտավոր է էլեկտրոնային ծրագրում ներբեռնել վավեր անձնագրի պատճենը, անձնական տվյալների մասին տեղեկությունները (անուն, ազգանուն, անձնական համար, հասցե), տեղեկություններ օտարերկրյա գործատուի մասին, տեղեկություններ պաշտոնի և նախորդ տարվա եկամտի մասին, տարվա ընթացքում ստացված եկամուտների հաստատումը (բանկային հաշվեհամարից քաղվածք կամ որևէ այլ հաստատող փաստաթուղթ), որը պետք է լինի ամսական առնվազն 2 000 ԱՄՆ դոլար` լարիին համարժեք, պարտադիր 12-օրյա կարանտինի նախնական հաստատումը, և այն անցնելուց հետո, PCR թեստի հանձնումը սեփական ծախսերով, պարտադիր բժշկական ապահովագրություն, որն ուժի մեջ է առնվազն վեց ամսվա ընթացքում և ներկայացուցչության դեպքում լիազորությունը հաստատող փաստաթուղթ», – ասվում է «Օրենսդիր բանբերում» հրապարակված տեղեկության մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին, Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել էր, որ Վրաստանը սահմանները կբացի ֆրիլանսերների համար, ովքեր աշխատում են հեռակա կարգով կամ կարող են իրենց բիզնեսը վարել աշխարհի ցանկացած կետից: