2024 թվականի հուլիսի 1-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում ընտրական կուսակցությունները ստացել են ընդհանուր առմամբ 9 571 423 լարիի նվիրատվություն։
Մասնավորապես, Վրաստանի Հակակոռուպցիոն բյուրոյի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ամենաշատ նվիրատվություն ստացել է «Վրացական երազանք»-ը՝ ավելի քան 8 մլն լարի, իսկ ավելի կոնկրետ՝ 8 246 460 լարի։ Այս ընթացքում կուսակցությունը ստացել է մինչև 250 նվիրատվություն, որից մինչև 40 անհատ 60 հազարական լարի է փոխանցել «Վրացական երազանք»-ին։
Իշխող կուսակցությունից հետո ընդդիմադիր կուսակցություններից ամենաշատ նվիրատվությունը ստացել է «Լելոն Վրաստանի համար» կուսակցությունը։ Մոտավորապես 2 ամսում՝ հուլիսի 2-ից սեպտեմբերի 4-ը, կուսակցությունը ստացել է 1 038 537 լարիի նվիրատվություն։ Նվիրատուների թվում են կուսակցության առաջնորդներից Դավիթ Ուսուփաշվիլին, ինչպես նաև Ավթանդիլ Ծերեթելին, ովքեր կուսակցությանը նվիրաբերել են համապատասխանաբար 10 000 և 60 000 լարի։
Ինչ վերաբերում է «Միացյալ ազգային շարժմանը», ապա հուլիսի 1-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում կուսակցությունը ստացել է 164 455 լարիի նվիրատվություն։
Հուլիսի 1-ից սեպտեմբերի 8-ը «Հանուն Վրաստանի» կուսակցությունը ստացել է 118 971 լարիի նվիրատվություն։ Նվիրատուների թվում են Բեքա Լիլուաշվիլին, Բերդիա Սիչինավան, Նաթիա Մեզվրիշվիլին և Լևան Գոգիչաիշվիլին։
Նույն ժամանակահատվածում խորհրդարանական ընդդիմադիր «Եվրոպական սոցիալիստներ» կուսակցությունը գումարը ստացել է միայն հուլիսին։ Երեք նվիրատու ներդրել է ընդհանուր առմամբ 3 հազար լարի։
Վրաստանի Հակակոռուպցիոն բյուրոյի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ 2024 թվականի նշված ժամանակահատվածում երկու խորհրդարանական կուսակցություններ՝ «Քաղաքացիները» և «Ռազմավարություն Աղմաշենեբելին» նվիրատվություն չեն ստացել։