Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի բնակիչ Կոլյա Մանասյանը երիկամային անբավարարություն ունի, նա արդեն երկու տարի է շաբաթական երկու անգամ գնում է Ախալցիխե հեմոդիալեզի: Բանն այն է, որ վերջինս Վրաստանի քաղաքացի չէ, այդ պատճառով նրա բուժումը վճարովի է և ամեն անգամ նա 200 լարիից ավելի գումար է ծախսում: Ամսական Մանասյանների ընտանիքին 1200 լարի է անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար:
Jnews-ն անդրադարձել էր Կոլյա Մանասյանի խնդրին, ի ցույց դնելով նրա ունեցած դժվարությունները և անելանելի վիճակը։
Jnews-ի «Ի՞նչ անենք, ասենք մի օր չկարողացանք փող գտնել, ի՞նչ է լինելու․․․» վերտառությամբ հոդվածը մեծ արձագանք գտավ, և շատերը պատրաստակամություն հայտնեցին օգնել Կոլյա Մանասյանին:
Նրա հաշվեհամարին դրամական փոխանցում է կատարվել 200 000 ռուբլի՝ Ռուսաստանից և 3500 լարի համագյուղացիներն են հանգանակել։ Ինչպես նաև նա մի մարդ դեղորայք է տրամադրել։ Արդեն 8 ամիս է Կոլյա Մանասյանը դիալիզ է ստանում բարեսիրտ մարդկանց հանգանակությունների շնորհիվ:
Կոլյա Մանասյանը երախտապարտ է բոլոր նրանց, ովքեր օգնել և օգնում են, սակայն նրա խնդրանք-պահանջը մեկն է՝ ստանալ Վրաստանի քաղաքացիություն, որպեսզի բուժման հետ կապված խնդիրներ չառաջանա: Նա Ռուսաստանի քաղաքացի է, և, ըստ այդմ՝ բուժումը վճարովի է: Պետությունը չի հովանավորում նրան, ինչպես մնացած այն անձանց, ովքեր հեմոդիալեզ են ստանում։
Կոլյա Մանասյանը դիմել է Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար, սակայն քննությունը չի կարողացել հանձնել պետական լեզվին չտիրապետելու պատճառով։
Կոլյա Մանասյանի և ընտանիքի անդամների միակ խնդրանքն է, օգնել, որպեսզի Վրաստանի քաղաքացիություն ստանա: