Վրաստանը երկարաձգել է կանոնավոր ավիաչվերթների վերսկսման արգելքը մինչև հոկտեմբերի 1-ը: Համապատասխան NOTAM-ին (Notice to Airme՝ ծանուցում օդային նավիգացիոն տեղեկատվության հավաքագրման մեջ AIP-ի փոփոխության վերաբերյալ) տարածվել է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության կողմից:
«Միջազգային կանոնավոր ավիափոխադրումների սահմանափակումը երկարաձգվել է և ուժի մեջ է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը», – ասված է Քաղաքացիական ավիացիայի գործակալության հաղորդագրության մեջ:
Մարտ ամսից ի վեր, Վրաստանը դադարեցրել է կանոնավոր ավիաթռիչքները բոլոր երկրների հետ՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Կառավարությունն ի սկզբանե խոստացել էր, որ սկսելու են ընդունել միջազգային ճանապարհորդներին հուլիսի 1-ից, բայց հետո հայտարարվեց, որ աշխարհում ստեղծված համաճարակաբանական ծանր իրավիճակի պատճառով կանոնավոր միջազգային ավիաչվերթների բացումը հետաձգվում է մինչև օգոստոսի 1-ը: Այնուհետև այս ժամկետը երկարաձգվեց մինչև սեպտեմբերի 1-ը, իսկ այժմ` մինչև հոկտեմբերի 1-ը:
Կառավարությունն ավիաչվերթների բացման հետաձգումը պատճառաբանում է կորոնավիրուսի տարածման սպառնալիքով և քաղաքացիների առողջության համար հոգածությամբ:
Չվերթների սահմանափակումը մինչ այժմ չի վերաբերում միայն երեք ուղղությունների: Օգոստոսից ի վեր Փարիզից, Մյունխենից և Ռիգայից ավիաչվերթներ են իրականացնում դեպի Թբիլիսի, իսկ ուղևորները նաև հնարավորություն կունենան ուղևորվել դեպի այդ քաղաքներ Վրաստանի մայրաքաղաքից:
«Lufthansa»-ն շաբաթական երկու անգամ ավիաչվերթներ է իրականացնում Թբիլիսիից Մյունխեն, իսկ Փարիզից՝ «Air France»-ը, նույնպես շաբաթը երկու անգամ: Ինչ վերաբերում է Ռիգային, ապա «Air Ballic»-ը դեռևս ավիաչվերթ է իրականացնում միայն շաբաթը մեկ անգամ:
Ավելի վաղ, Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել էր, որ կառավարությունը հրաժարվել է օգոստոսին ավիաչվերթների թույլտվություն տրամադրել երկու ցածր գնով գործող ավիաընկերություններին` «Wizzair»-ին և «Ryanair»-ին, որոնք միանգամից առաջարկում էին Վրաստանից ավիաչվերթներ իրականացնել 10 ուղղություններով:
Թուրնավան նշել է, որ ավիաչվերթները նույնիսկ շաբաթը երկու անգամ ավիաընկերությունների համար անշահավետ կլինի, ուստի նրանք ձգտում են ավելացնել չվերթները: Մինչդեռ Էկոնոմիկայի նախարարը բարձրաձայնեց կառավարության դիրքորոշումը, ըստ որի, ոչ Վրաստանը, ոչ էլ մնացած աշխարհը դեռ պատրաստ չեն վերսկսել ինտենսիվ օդային երթևեկությունը:
«Երբ մենք պատրաստ լինենք դրան, պատրաստ լինի աշխարհը, և այն երկրները, որտեղից չվերթներ են իրականացվում, մենք թույլ կտանք այդ չվերթները», – ասել է Թուրնավան:
Վրաստանը գտնվում է այն երկրների ցանկում, որոնց համար հուլիսի 1-ին Եվրամիությունը բացել էր իր սահմանները, բայց Վրաստանի կառավարությունն անվերապահորեն ընդունում է ԵՄ միայն հինգ երկրների քաղաքացիներին՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի: Միևնույն ժամանակ, արտասահմանից երկիր ժամանող Վրաստանի բոլոր քաղաքացիները՝ ներառյալ վերը նշված երկրների, պետք է պարտադիր երկշաբաթյա կարանտին անցնեն:
Նյութը՝ «Новости-Грузия»-ից