Գումբուրդո գյուղում մտահոգված են, որ իրենց գյուղում մանկապարտեզի շինարարությունը ձգձգվում է, քանի որ նախագծում ցածր գների պատճառով առաջին տենդերում մասնակիցներ չեն եղել, և, ըստ գյուղացիների, հնարավոր է, որ երկրորդում էլ չլինեն:
Այդ նպատակի համար Ախալքալաքի մունիցիպալիտետը տեղական բյուջեից հատկացրել է 1 033 736 լարի: Առաջին անգամ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը Գումբուրդո գյուղում մանկապարտեզի կառուցման տենդերը հայտարարել էր այս տարվա հուլիսի 8-ին, սակայն, տենդերին ոչ ոք չէր մասնակցել, ու այն հայտարարվել էր չկայացած և չեղարկվել էր: Այս տարվա հուլիսի 30-ին տենդերը նույն գումարով կրկին հայտարարվել է:
Գումբուրդոյի տարածքային շրջանից Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավոր Աշոտ Սահարյանն անհանգստացած է, որ նախադպրոցական հաստատության շինարարությունն այս տարի նույնպես չի սկսվի, քանի որ նախորդ տարի հատկացված գումարները ծախսվել են այլ նպատակների համար:
«Որպես պատգամավոր, ինձ հետաքրքրում է գյուղում մանկապարտեզի կառուցումը և ես հետաքրքրվեցի, թե ինչու ոչ ոք չի մասնակցել տենդերին, քանի որ ժամանակն անցնում է, ու ես վախենում եմ, որ այս տարի չենք հասցնի: Նրանք, ովքեր հետաքրքրված էին տենդերով, ասացին, որ տենդերի գները շատ ցածր են, և մասնակիցը կարող է առնվազն 150 000 լարի վնաս կրել այս տենդերից, այդ պատճառով էլ նրանք չեն մասնակցել», – ասում է Աշոտ Սահարյանը:
Մանկապարտեզի կառուցման տենդերը կրկին հայտարարվել է այս տարվա հուլիսի 30-ին: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 10-ը: Մրցույթը հայտարարվել է նույն գումարով, որքան առաջին անգամ՝ 1 033 736 լարի:
Աշոտ Սահարյանը վախենում է, որ հնարավոր է այս անգամ էլ մասնակիցներ չլինեն, քանի որ գումարը մնացել է նույնը:
JNEWS-ը Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանից պարզեց, թե ինչի հիման վրա են նախագծողները նախագծերում գրում ապրանքների և ծառայությունների գները:
Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայության ղեկավար Մագդա Ամիրշադյանը կարծում է, որ տենդերներում գները, ընդհակառակն, առավելագույնն են:
«Յուրաքանչյուր տենդերում գրվում է, ինչի հիման վրա են գները վերցվել, կա շինարարության գնահատման խումբ, որն ամեն տարի եռամսյակներով տալիս է գները, եթե նախագիծը չի կատարվում ըստ նորմերի, այն չի ընդունվում: Այս տարի, իսկապես, համավարակի պատճառով գներն աճել են, ես չեմ կարող ասել թե ինչը նրանք չեն հավանում նախագծերում, բայց նախագծողները գրում են որոշման հիման վրա, նրանք չեն կարող գներ օդից վերցնել, նրանք ունեն փաստաթուղթ, որի հիման վրա գները գրում են»: – ասում է Մագդա Ամիրշադյանը:
Մագդա Ամիրշադյանի խոսքերով, տենդերներում նշվում է շինարարության ընդհանուր արժեքը, իսկ թե որ աշխատանքն որքան արժե շինարարն ինքն է որոշում, գլխավորն այն է, որ դրանք չգերազանցեն ընդհանուր գումարը:
«Տենդերներում չի նշվում, թե որ աշխատանքի համար որքան է հարկավոր վճարել: Մեզ բողոք չի եկել, որ նախագծերում ինչ-որ բան սխալ է եղել: Նախագծողները վերցնում են այն գները, որոնք Վրաստանում են, գուցե Ախալքալաք թանկ են, բայց նրանք կարող են բերել Թբիլիսիից, իսկ տենդերներում ներառված են տրանսպորտի և հավելյալ ծախսերը », – ասաց Մագդա Ամիրշադյանը:
Քաղաքապետարանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայության պետը հավելում է, որ եթե տենդերը 3-4 անգամ տեղի չունենա, ապա շուկան ուսումնասիրելուց հետո մունիցիպալիտետն ուղղակի պայմանագրեր կնքելու իրավունք ունի: