Կորոնավարակի երկու տարիների ընթացքում, Ախալքալաքում գրեթե բոլոր մունիցիպալ հաստատությունները «դադարեցրին» իրենց գործնեությունը: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Ախալքալաքում մարդիկ սկսեցին առցանց «ապրել», սպորտն ու մշակույթը նույնպես անմասն չմնաց այդ ամենից: JNEWS-ը փորձել է պարզել, թե Ախալքալաքի սպորտային ու մշակութային հաստատությունները ինչքանով են կարողացել վերականգնել իրենց աշխատանքի նախկին ձևն ու բովանդակությունը:

Ախալքալաքի սպորտ դպրոցը փակվել էր, սաների մեծ մասը պարապմունքները տանն էին անցկացնում:

Սպորտ դպրոցի տնօրեն Արամ Սուքիասյանն ասում է, որ իրենք աշխատում են նախկին աշխատաոճով։

«Հիմա պարապմունքները նորմալ ձևով են անցկացվում: Փետրվարի սկզբներին մեր մարզիչներից հիվանդացան, 10 օրով փակվեցինք, բայց այդ ամենն անցավ, հիմա դպրոցը գործում է այնպես, ինչպես առաջ» – ասում է Արամը։

Նա նշում է, որ կորոնավարակից առաջ էլ, հիմա էլ աշակերտների քանակը նույնն է։ Ճիշտ է, դժվարություններ ունեցել են՝ դասաժամերը չեն անցկացվել, պարապմունքները չեն եղել, սակայն հիմա ամեն ինչ հունի մեջ է ընկել:

Ախալքալաքի Մարզահամալիրը ևս կորոնավարակային սահմանափակումներից զերծ չի մնացել: Տևական ժամանակ փակ մնալուց հետո վերջապես աշխատում են սովորական ռեժիմով։

«Պարապմունքները նորմալ անցկացնում ենք, ավելի շատ ենք պարապում, պատրաստվում ենք Եվրոպայի առաջնություններին՝ տարբեր տարոքային խմբերում», – ասում է Մարզահամալիրի տնօրեն Ատոմ Էլիզբարյանը։

Ըստ Էլիզբարյանի աշակերտների քանակի փոփոխությունը նկատելի է, երեխաների հոսքն այնքան մեծ է, որ անգամ տեղ չունեն ընդունելու:

«Ըստ իս դա պայմանավորված է մեր մարզիկների հաջողություններով, երբ մրցույթների են մասնակցում և մեծ արդյունքներ են գրանցում: Ինչը՝ թե երեխաների, թե ծնողների մոտ ցանկություն է առաջացնում, որ իրենց երեխաները ևս արդյունքներ գրանցեն, բարձրունքների հասնեն, հայտնի դառնան», – ավելացնում է Ատոմ Էլիզբարյանը։

Ապագայի տանն աշխույժ աշխատանքային իրարանցում է:

«Արդեն շատ լավ է, բոլորը գալիս են ու դասերը նորմալ անցկացնում ենք։ Ինչ քանակով, որ գալիս էին աշակերտները, նույն ձև էլ հիմա են գալիս։ Արդեն վերականգնվում ենք, շատ լավ է։ Հիվանդներ էլ չունենք», – ասում է Սաթենիկ Մահտեսյանը։

Քաղաքի Երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Կարոյանը կորոնավարակի սահմանափակումների երկու տարին համարում է կորսված տարիներ: Հեռավար ուսուցումը իրենց մասնագիտության մեջ գրեթե անհնարին է:

«Երկու տարի լացելու վիճակ էր, մեզ ընդհանրապես փակեցին, և անցանք առցանց դասերի, սակայն մեր մասնագիտության համար, դա անհնար է, մեզ պետք է անմիջական շփում: Հիմա կամաց-կամաց վերականգնում ենք նախկին աշխատանքային ձևը, որի համար շատ ուրախ ենք», – ասում է:

Նկարչական դպրոցը պատրաստվում է առաջիկայում ցուցահանդես կազմակերպել: Դասերն ընթանում են՝ ըստ կարգի:

«Հունվարից աշխատում ենք ամենօրյա գրաֆիկով, բացի երկուշաբթի օրվանից: Նկարչական դպրոց են հաճախում շրջանի տարբեր գյուղերից, երեխաների հոսքը հիմնակում շատ է լինում դպրոցական արձակուրդների ժամանակ: Այս պահին 35 աշակերտ ունենք, որոնք կանոնավոր կերպով նկարչության են գալիս», – ասում է Նկարչական դպրոցի դասվար Կառլեն Կարապետյանը։

Վերջինս նշում է, որ դպրոցի շենքը արդեն նաև լավ հարմարեցված է, այն ամբողջությամբ տաքացվում է:

Գայանե Ակոջյան