Ջավախքում ակտուլ խնդիր է կորցրած Վրաստանի քաղաքացիությունը: Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղի որոշ բնակիչներ բողոքում են, որ նրանք ապրում են Վրաստանում, բայց չեն կարող ստանալ Վրաստանի քաղաքացիություն:
Ըստ գյուղացիների, իրենցից ոմանք դիմում են ներկայացնել Վրաստանի քաղաքացիություն ստանալու խնդրանքով և մերժում են ստացել, իսկ ոմանք էլ տեսնելով, որ շատերին մերժել են, որոշել են անտեղի գումար չծախսել:
«Իմ որդին ՀՀ քաղաքացի է, նա դիմել է Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար, և նրա մերժել են», – ասում է Ռուբենը: Վերջինս վստահեցնում է, որ որդին ծնվել և մեծացել է Վրաստանում, սակայն Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու համար ստացել է Հայաստանի քաղաքացիություն:
Արագվա գյուղի բնակիչների խոսքով, իրենց գյուղում շատերը քաղաքացիության խնդիր ունեն՝ ինչ-որ մեկը Վրաստանում ժամանակավոր կաղության իրավունք ունի, իսկ երկրորդը դա էլ չունի: Սարգիսը դժգոհում է, շուտով թոշակի է գնալու, սակայն քաղաքացիություն չունի և ավտոմատ զրկվում է կենսաթոշակից:
Ըստ Սարգիս Թարզյանի, Խորհրդային Միության փլուզումից հետո նա գրանցում է անցել Հայաստանում, բայց այնտեղ ոչինչ չունի, ծնվել և ապրում է Վրաստանում:
«Իմ տունն այստեղ է, ընտանիքս այստեղ է՝ Ախալքալաքում, ես շուտով թոշակի եմ անցնելու, բայց չեմ կարող քաղաքացիություն ստանալ», – ասում է նա: Ըստ նրա, այլ երկրներում, 5-6 տարվա բնակվելուց հետո, մարդիկ ավտոմատ կերպով քաղաքացիություն են ստանում, իսկ Վրաստանում նա ապրել է իր ամբողջ կյանքը, բայց չի կարողանում քաղաքացիություն ստանալ, որովհետև պետական լեզվին չի տիրապետում:
Գյուղացիների խոսքով, իրենց մշտապես ընտրությունների ժամանակ խոստանում են լուծել այս խնդիրը, բայց ընտրություններից հետո բոլորը մոռանում են խոստումների մասին:
«Ես ուզում էի դիմել, բայց դեռ չեմ դիմել, մտածում եմ, եթե մերժում ստանամ, ապա անտեղի փող եմ ծախսելու, մյուս կողմից էլ վրացերեն չգիտեմ, պարզ է, որ քննություն չեմ կարող տալ», – ասում է նույն գյուղի մեկ այլ բնակիչը:
Արագովցիները բարձրաձայնում են, որ գոնե պետական լեզվի քննությունը չեղյալ հայտարարվի քաղաքացիություն ստանալու համար, քանի որ նրանց համար դժվար է այս տարիքում վրացերեն սովորելը:
Բրատիսլավ Իգիթխանյան