Այն մասին, թե ինչու և ինչպես Վրաստանը կարող է ներգրավվել հայ-ադրբեջանական հակամարտության մեջ, ինչը կարող է հրահրել Վրաստանի հայության և ադրբեջանցիների առճակատմանը, թե ինչպես են կապված Սերբիան, Վրաստանը և հայ-ադրբեջանական հակամարտությունը, այս և շատ այլ հարցերի շուրջ զրուցել ենք փորձագետ, քաղաքագետ Գելա Վասաձեի հետ:
– Արդյո՞ք Վրաստանը կկարողանա խուսափել հայ-ադրբեջանական հակամարտությունն իր տարածք տեղափոխելուց:
– Հիմա Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ է ընթանում, և այն այսօր չի սկսվել: Այս պատերազմը կրում է տոտալ բնույթ: Այստեղ՝ մեզ մոտ շատերը կարծում են, որ պատերազմն այն է, երբ կրակում են, բայց դա պարտադիր չէ: Պատերազմն ընթանում է տեղեկատվական հարթակում, արտաքին քաղաքականության հարթակում, կիբեր տարածքում: Այլ տարածքներում պատերազմը այժմ շատ տարածված է՝ ահա այլ երկրներում հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջև այս բախումները: Ավելին, այդ մարդկանցից շատերը ոչ Ադրբեջանի քաղաքացիներ են, ոչ էլ ՀՀ-ի, և նրանց հետ որևէ առնչություն չունեն:
Հիմա այն մասին, ինչը մեզ է վերաբերում և մեր իրավիճակին: Մի կողմից ես լավատես եմ, քանի որ լավ գիտեմ Վրաստանում հայերի և ադրբեջանցիների հարաբերությունները: Նրանք շատ լավն են, ավելին՝ սա, հավանաբար, բացասական կողմ է, բայց ես դա նույնպես կասեմ՝ այստեղ հայերն ու ադրբեջանցիները հաճախ միմյանց նկատմամբ ավելի լավ են վերաբերվում, քան երկուսը միասին՝ վրաց բնակչությանը, բայց դրա համար պատճառներ կան: Հետևաբար, իհարկե, բավականին դժվար է փլուզել այդ հարաբերությունները, որպեսզի այն կրի համակարգային և տոտալ բնույթ: Բայց հաշվի առնելով մեր հատուկ ծառայությունների թուլությունը, որոնք պետք է շատ լուրջ աշխատեն այս ամենը կանխելու համար, ես գտնում եմ, որ սադրանքները հնարավոր են, և նույնիսկ ավելին, քան հնարավոր է: Հատուկ ծառայությունները զբաղվում են բոլորովին այլ բանով, ինչ պետք է զբաղվեն: Եվ նույնիսկ եթե նրանք դրանով զբաղվում են, նրանք դրանով զբաղվում են շատ անշնորհքաբար: Մենք Ձեզ հետ միասին հաստատ չենք կարողանա կանխել սադրանքները, հատուկ ծառայությունները՝ նույնպես:
Շատ կարևոր պահ, որի վրա ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել: Կարևոր չեն այն սադրանքները, որոնք կարող են լինել, կարևոր է հասարակության արձաքանգը, հասարակական կարծիքի առաջնորդները, ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների՝ Վրաստանի քաղաքացիների արձագանքն այս սադրանքին: Ես արդեն չեմ էլ խոսում մասնակցության մասին: Աստված մի արասցե, որ Վրաստանի հայերի կամ ադրբեջանցիների շրջանում հասարակական կարծիքի որոշ առաջնորդներ մասնակցեն դրանում, եթե դա տեղի ունենա, շատ կարևոր է, որ քաղաքացիական սեկտորի կողմից անհապաղ արձագանք լինի: Էլ չասեմ իրավապահ համակարգի մասին: Շատ կարևոր է, որ այստեղ բարեկամներ կամ թշնամիներ չլինեն, մենք բոլորս նույն նավում ենք, հակամարտության կողմեր այստեղ չկան:
– Վերջերս վրացական Սադախլո քաղաքում ազգությամբ ադրբեջանցիները հարձակվել էին հայի վրա, այս դեպքը անմիջապես հարթվել էր: Դրանից առաջ Մառնեուլում հանրահավաքներ էին տեղի ունենում, ցույց էր Ախալքալաքում, երբ ցուցարարները կոչ էին անում պահպանել չեզոքություն և չխառնել հակամարտությանը Վրաստանին… Որքա՞ն իրատեսական է ապագայում կանխել իրավիճակի խորացումը:
– Ինչ վերաբերում է ցույցերին, ապա դրանք կարող են իրականացվել երկու կողմերից էլ, դրանում ոչինչ չկա: Կարևոր է, որ նրանք մի բան հասկանան: Վրաստանը ազատ երկիր է, և յուրաքանչյուր ոք կարող է ցանկացած ձևով ցույց իրականացնել: Եթե ցույցերն իրականացվում է հայազգի Վրաստանի քաղաքացիների կողմից՝ ի պաշտպանություն Հայաստանի, ապա պարտադիր չէ, որ ազգույթամբ ադրբեջանցի Վրաստանի քաղաքացիները այնտեղ հակացույց իրականացնեն, և հակառակը: Հարգելիներս, դուք կարող եք տարբեր տեղերում համերաշխություն հայտնել ձեր պատմական հայրենիքին, և դրանում ոչ մի սարսափելի բան չկա: Եվ այստեղ նույնպես պետք է աշխատեն իրավապահ մարմինները: Չէ որ դա հեշտ է անել: Ես գիտեմ աշխատանքի մեթոդները: Զգուշացնել առաջնորդներին, որ իրենք բախումներ հրահրելու դեպքում կբախվեն լուրջ խնդիրների: Եվ կարելի է այսպես անել՝ ով սկսի, մեծ խնդիրներ կունենա: Այստեղ հարցն այն է, որ ես չգիտեմ, թե ինչպիսի կանխարգելիչ աշխատանքներ են տարվում: Հուսով եմ, որ այն ընդհանրապես իրականցվում է: Ինչ վերաբերում է ծեծի ենթարկելուն, եթե մարդը ծեծի է ենթարկվել, դա հանցագործություն է, և իրավապահ մարմինները պետք է շատ խիստ արձագանք տան դրան:
– Խոսելով Վրաստանի տարածքով զենքի ենթադրյալ տարանցման մասին, որի լուսանկարները տարածվել են ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից, կարելի է արդյո՞ք ասել, որ սա նույնպես հակամարտության մեջ ներգրավելու փորձ է:
– Նախ, այստեղ շատ անհասկանալի բաներ կան: Երկրորդը, կան շատ բաներ, որոնք վերաբերում են Վրաստանի իշխանություններին, և չի վերաբերում, որքան էլ տարօրինակ հնչի, նույնիսկ Հայաստանին ու Ադրբեջանին: Խոսելով լաունչերների մասին՝ այնտեղ երկու դեպք կա: Եվ անհասկանալի է, թե ինչու են այս ամենը միավորում մեկի մեջ:
Առաջին դեպքում` հարցերը շատ են: Այս լաունչերները «Գրադ» համակարգերի համար են, դրանք Ռուսաստանի՞ց էին: Ռուսական արտադրության են, թե՞ ոչ: Եթե դրանք Ռուսաստանից էին և անցել են Վրաստանի տարածքով, ապա դա Վրաստանի օրենքի խախտում է: Եթե դրանք Ռուսաստանից չէին, օրինակ՝ Բուլղարիայից կամ հենց Սերբիայից էին, և դրանց վրա կային համապատասխան վկայագրեր, ՊՆ թույլտվությունը յուրաքանչյուր ռազմամթերքի տարանցման համար, ցանկացած երկրից որևէ այլ երկիր, ապա ինչի՞ մասին է խոսքը: Միայն Ռուսաստանից տարանցումն է օրենքից դուրս, այն էլ՝ ցամաքայինը: Մեր օրենքների համաձայն՝ Ռուսաստանից տարանցում օդային ճանապարհով հնարավոր է:
Հիմա երկրորդ պահը: Բոլորովին այլ դեպք է սերբական զենքը: Եթե Սերբիան պաշտոնապես զենք վաճառեր Հայաստանին, և դրա համար համապատասխան փաստաթղթեր լինեին, ապա նորից խնդիր չէր լինի: Նրանք ասացին. «Այո, մենք զենք վաճառել ենք Հայաստանին, և դրանք հրացաններ էին»: Խոսքն այն մասին է, թե արդյո՞ք եղել է զենքի ապօրինի մատակարարում, և եթե այդպես է, իսկ Տեսիչը (խմբ. տեղեկատվությունում նշված անձը) գտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո, ապա մեր կառավարությունը շատ մեծ խնդիրներ կունենա արդեն ամերիկացիների հետ: Արդյո՞ք եղել է զենքի տեղափոխում, չգիտեմ, և մարդիկ, ովքեր ուղղակիորեն առնչություն ունեն դրա հետ, նույնպես չգիտեն: Եթե դա եղել է, ապա դա արվել է հատուկ, որպեսզի հարվածի տակ դնեն մեր կառավարությանը:
Անհասկանալի է նաև, թե ինչու է անհրաժեշտ նրանց դուրս հանել Փոթիից այն ժամանակ, երբ կարելի է բացահայտ անցկացնել վրացական ռազմական ճանապարհով: Այս դեպքում տարել են Փոթիից՝ լուսանկարելու և ցուցադրելու համար: Ինչ վերաբերում է Տեսիչի կապին, եթե այդպիսի պայմանավորվածություն լիներ, այն կարվեր, որպեսզի հետագայում այդ պայմանավորվածությունը բացահայտվեր: Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ Վրաստանը չեն կարող դա կազմակերպել: Միայն ռուսական հատուկ ծառայություններն են ունակ նման լայնամասշտաբ գործողությունների, քանի որ անկախ նրանից, թե որքան էլ Հայաստանը չխնդրեր զենքի ապօրինի տարանցում Վրաստանի տարածքով, միևնույն է, ասենք այդպիսի խնդրանք եղել է՝ Վրաստանը դրան չէր համաձայնի, բայց այ Ռուսաստանը կարող էր ճնշում գործադրել նրանց վրա: Ամեն դեպքում, սա հարվածի տակ է դնում Վրաստանի իշխանությանը: Եթե այդպես է, ապա վրացական իշխանությունները մեծ խնդիրներ ունեն:
– Հայ-ադրբեջանական հակամարտության սրումը երկարատև՞ է:
– Սրումը՝ ոչ: Իմ դիտարկմամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողություններն այս պատերազմի հիմնական բաղադրիչը չեն: Ռազմական գործողությունները հիմք են հանդիսանում տեղեկատվական, քաղաքական և պատերազմների այլ տեսակների համար: