Ախալքալաքի շրջանի դպրոցներում ուսուցիչների գրեթե 40 տոկոսը պատվաստված է կորոնավիրուսի դեմ: Դպրոց կա, որտեղ բոլոր ուսուցիչներն արդեն պատվաստաված են, բայց դպրոց էլ կա, որ նույնիսկ մեկ պատվաստված ուսուցիչ չունի: Օրինակ. Արագվա գյուղի ուսուցչական կազմի 80 տոկոսից ավելի պատվաստված է, այդ թվում՝ տնօրենը, իսկ Աբուլ գյուղի դպրոցում ոչ մի ուսուցիչ չի պատվատվել, և չի էլ պատրաստվում պատվաստվել: Ինչ փաստարկներ են բերում հենց այդ դպրոցների տնօրենները, ինչ դրական և բացասական կողմեր են նրանք տեսնում պատվաստման մեջ։
JNEWS. Հարգելի տնօրեններ, ասացեք խնդրեմ, պատվաստվա՞ծ եք, և ինչո՞վ է պայմանավորված Ձեր ընտրությունը:
Անդրեաս Աբդոյան: Ես պատվաստված եմ և ունեմ կովիդ-անձնագիր: Pfizer-ով եմ պատվաստվել, ինչի՞ հենց Pfizer, իմանալով որ ավելի ուժեղ է իր ազդեցությունը և նշանակությունը, ես սա լսել եմ, ոչ մասնագետ եմ, ոչ էլ մեծ ուսումնասիրություն եմ կատարել, բայց որ ժողովրդի մեծամասնությունը Pfizer-ով է պատվաստվում, դրա համար ես էլ այդպես որոշեցի: Մտածում եմ, որ ոչ ոք էլ չգիտի իրականում, թե որ պատվաստանյութն ինչ ազդեցություն է թողնում մարդու օրգանիզմի վրա: Պատվաստվել եմ մինչև դպրոցական դասերի մեկնարկը, որոշում ընդունեցի ու ինքնակամ գնացի պատվաստվելու: Ոչ մի բան չեմ զգացել, հետևանք չի թողել ինձ վրա մինչև օրս: Ինքս կորոնավարակով չեմ հիվանդացել, ամեն երկու շաբաթը մեկ թեստ եմ հանձնում, դեռևս միշտ բացասական է գալիս:
Մարտին Խոցանյան: Կա վախ և ոչ վստահություն սրսկման նկատմամբ, որովհետև այսօր գաղտագողի բան չկա, համացանց գոյություն ունի, խոսվում է, թե որքանով է ճիշտ, որքանով է սխալ պատվաստումը: Սկզբից երևի մենք խլել ենք, մեր միջով անցկացրել այն, որ կորոնավիրուսով վարակվածը կամ սրսկվածը հետո վարակվել ու մահացել է: Սա մտատանջում է մեզ, երաշխիք չկա, համոզմունք չկա պատվաստման նկատմամբ: Խնդրում եմ, մեկին ուղարկեք, որ փաստական համոզմունքի բերի մեզ, որպեսզի բոլորս միասնական կերպով գնանք և սրսկվենք: Ի՞նչպես է պատասխանում ժամանակակիցը բժշկությունն այն հարցին, թե ինչո՞ւ է պատվաստված մարդը մահանում կորոնավիրուսից: Պատասխան չկա, ժամանակակից գիտությունը լռում է:
JNEWS. Արդյոք Արագվա և Աբուլ գյուղերի դպրոցների ուսուցիչները պատվաստվում են, կարող եք թվային տվյալներ ներկայացնել, իրավիճակն ավելի պատկերավոր դարձնելու համար:
Անդրեաս Աբդոյան: Մեր դպրոցի անձնակազմի 29-ը հոգուց միայն 6-ը չեն պատվաստվել, մեկը՝ հիվանդ է, մյուսը՝ չի հավատում, որովհետև այսօր ֆեյսբուքների մեջ, գիտակից ու անգիտակից մարդիկ, ում մտքից ինչ անցնի գրում է, մարդ չգիտի ում հավատա, ում չհավատա: Շատերը այդ պայմաններում չեն ուզում պատվաստվել, բայց չպատվաստվելը սխալ է այսօրվա դրությամբ: Ճիշտ է, պետությունը վարչապետի գլխավորությամբ պարտադիր չի կարող մտցնել և թողել է քաղաքացու հայեցողությանը, որպեսզի ինքը գիտակցի, որ իրեն պետք է պատվաստվել: Բայց, եթե պետությունը որոշ պայմաններ ստեղծի, որ չպատվաստված աշխատողին կամ մարդուն արգելվի հիմնարկ ձեռնարկություններ կամ խանութներ մուտք գործել, ինքը ստիպված կարող է պատվաստվել:
Մարտին Խոցանյան: Մեր ուսուցիչների 25-ից ընդամենը մեկն է հիվանդացել կորոնավիրուսով, պատվաստված ուսուցիչ չունենք: Սա մարդու առողջության իրավունքն է, ես իրավունք չունեմ որևէ մեկին այս հարցում ուղղորդելու: Ես հաճախ եմ ուսուցիչներին հարցնում, եթե պարտադրեն, ինչ կանեք, հարցը քննարկել ենք նաև մանկավարժական կոլեկտիվում, բոլորը միաբերան ասում են, որ դասամտյանները կդնեն սեղաններին և տուն կգնան: Կհեռանան աշխատանքից, աշխատանքն ավելի էժան է, քան մեր առողջությունը՝ կյանքը:
JNEWS. Պարոն Աբդոյան, պատվաստվելուց հետ Դուք ձեզ պաշտպանված զգում եք: Պարոն Խոցանյան, իսկ Դուք չեք վախենում հիվանդանալ:
Անդրեաս Աբդոյան: Ես մտածում եմ, որ առաջին հերթին քո համար ես պատվաստում: 15 հոգի իմ դպրոցում կրկնակի են պատվաստված, 6 աշխատող մեկական դեղաչափով, բայց այստեղ մի բան անհասկանալի է, պատվաստված մարդը նորից վեց ամիսը մեկ պետք է պատվաստվի: Երկրոդը՝ երկրից դուրս եկավ մուտք գործող երկիրն առանց թեստի ընդունում է կովիդ անձնագրի հիման վրա: Այսինքն՝ ընդունում է, որ դու պատվաստվել ես, քեզանից թեստ չի պահանջում, բայց հենց դու նորից հետ գաս Վրաստան քեզանից պահանջում է թեստ կամ ինքնամեկուսացում, փաստորեն բանից պարզվում է պատվաստումը իմաստ չունի: Մենք՝ ուսուցիչներս, ամեն երկու շաբաթը մեկ թեստ ենք հանձնում, իմաստը չեմ հասկանում, երևի չեմ էլ ուզում հասկանալ, որովհետև ճիշտ պատասխանող չկա:
Մարտին Խոցանյան: Ելնելով իմ մասնագիտական կրթությունից, և կարճ ժամանակում եղած փորձից հանգել եմ այն եզրակացությանը, որ շատ համբերատար մարդ եմ, և ուզում է հինգ տարի սպասել, որպեսզի այդ հիվանդությունը լինելով երիտասարդ հիվանդություն ունենա բուժման փորձ, համոզմունք, որին հարկավոր է նվազագույնը հինգ տարի: Ես կենսաբան եմ, ես երաշխիք չունեմ, դետալնի ոչ մեկի օրգանիզմ ստուգված չէ, ես չգիտեմ ինչ թաքնված հիվանդություն ունեմ: Պատվաստումը ինձ դեպի անդունդն է տանում, թե՞ դեպի փրկություն, ով կարող է պատասխանել, ոչ ոք: Քանի դեռ մանրակրկիտ ստուգված չէ: Ես նախապատվությունը տալիս եմ չպատվաստվելուն, որովհետև համոզված չեմ, ինչու ոչ նաև վախենում եմ, կյանքը շատ թանկ է, հույս չկա, միգուցե մենք սխալ ենք անում:
JNEWS. Ինչպես եք վերաբերվում պարտադիր պատվաստմանը: Ինչ կլինի ձեր կոլեկտիվի հետ, եթե պատվաստումը դպրոցներում պարտադիր դառնա:
Անդրեաս Աբդոյան: Ես կողմ եմ պարտադիր պատվաստմանը, պարտադիր պետք է լինի, եթե կա այդ համաճարակը, ուրեմն չպետք է թողնես մարդու քմահաճույքին: Եթե, իհարկե պատվաստումը ճիշտ է, և օգուտ է տալիս: Օրինակ. ինձ օգուտ տվել է, ես կարող եմ յուրաքանչյուր շրջապատի մեջ մտնել և չվարակվել, թեկուզ վարակվեմ, թույլ կտանեմ, դա պրակտիկան է ցույց տվել, որ պատվաստված մարդը կարող է հիվանդանալ, բայց շատ թույլ է տանում հիվանդությունը: Ես խորհուրդ եմ տալիս, որ կրթական ոլորտի բոլոր աշխատողներին պատվաստվել, և, եթե հնարավոր է նաև երեխաների ծնողները: Եթե թեստավորումը փողով դարձրին մարդն ավտոմատ կպատվաստվի: Օրինակ. գրում են, եթե դպրոցի անձնակազմը 80 տոկոսով պատվաստված են, ուրեմն դպրոցի դասերը կանցկացվեն դասարաններում, բայց այդ 20 տոկոսը շատ մոդայիկ է, բոլորն ուզում են այդ 20 տոկոսի մեջ լինել: ես գտնում եմ, որ 100 տոկոսով պետք է պատվաստվեն: Ես և տիկինս դպրոցում ենք աշխատում և երկուսս էլ պատվաստված ենք:
Մարտին Խոցանյան: Ես դեմ եմ պարտադրանքին, նորից եմ կրկնում՝ եթե պարտադրեն, աշխատանքս կթողնեմ, ուրիշ տարբերակ չկա:
JNEWS. Ինչպես եք Դուք վերաբերվում օնլայն կրթությանը:
Անդրեաս Աբդոյան: Օնլայն կրթությունը բնական է՝ հիմնավոր գիտելիք չի տալիս երեխային: Առանց այն էլ դպրոցական կրթությունը անկում է ապրում: Վիճակագրությանը նայեք, վերջին տարիներին 4-5 աշակերտ է ուսանող դառնում: Կորոնավիրուսը հատկապես ծանր անդրադարձավ տարրական դասարանների կրթական մակարդակի վրա: Պատկերացրեք առաջին դասարանում երեխան տառ պետք է սովորի ու օնլայն:
Մարտին Խոցանյան: Դասերը սկսվելուն պես, մենք անմիջապես օնլայն ուսուցմնա անցանք, քանի որ ուսուցիչների մեջ վարակված ունեինք, ով բուժում էր ստանում հիվանդանոցային ռեժիմով, ես չեմ վարակվել, կավ ավելի ճիշտ ասած՝ համոզված չեմ, որ վարակվել եմ: Հակամարմինները եկել են դրական, իսկ ՊՇՌ թեստի արդյունքները՝ բացասական: Այդպես էլ ինձ համար առեղծվածային մնաց, վարակվել էի, թե՝ ոչ, որովհետև ոչ մի բան չգացի: Օնլայն կրթությունը մեր մոտ շատ ցածր դիրքերի վրա է, դա դերասանություն է՝ դա աչք փակել է, դա մատների արանքով նայել է, սուտ մխիթարանք է՝ և աշակերտի, և մակնավարժի համար:
Անդրեաս Աբդոյանը մասնագիտությամբ ինժիներ է, Արագվա գյուղի հանրային դպրոցում ֆիզիկա է դասավանդում: Գրեթե 20 տարի է ղեկավարում է դպրոցը:
Մարտին Խոցանյանը կենսաբանություն է դասավանդում Աբուլ գյուղի հանրային դպրոցում: Ավելի քան 15 տարի է ղեկավարում է դպրոցը:
Կրթության նախարարության տվյալներով, Վրաստանում ընդհանուր կորոնավիրուսի դեմ պատվաստվել է դպրոցների ուսուցիչների և վարչական աշխատակիցների 70 տոկոսը:
Jnews-ը փորձում է հանդիպում կազմակերպել Արագվա և Աբուլ գյուղերի ուսուցիչների և Հիվանդությունների վերահսկման կենտրոնի մասնագետների, որպեսզի ուսուցիչները ստանան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: