«Քաղաքականությունը տղամարդու գործ է» – սա է թելադրում Վրաստանի մտածելակերպն ու հասարակությունը: Շատ դեպքերում, խորհրդարանում և տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներկայությունը պարզապես բուտաֆորիա է, բայց նրանք առանց այն էլ շատ քիչ թվով են ներկայացված իշխանությունում: Սակայն նոր ժամանակները իշխանություններից պահանջում են ներմուծել մեխանիզմներ, որոնք գործնականում «ստիպում են» տղամարդկանց ընդունել կանանց քաղաքականությունում:
Գենդերային դերերը Վրաստանում միշտ էլ հստակորեն բաժանված են, ինչպես և մասնագիտությունները: Թեև, ժամանակները փոխվում են, մտածողությունը և ընկալումը աստիճանաբար նույնպես: Կանայք հայտնվել են այնպիսի մասնագիտություններում, որտեղ նրանց մուտքը 30 տարի արգելված էր: Այս հարցում որոշակի դեր խաղաց նաև Արևմտյան երկրների, իսկ ավելի կոնկրետ՝ Եվրամիության երկրների ազդեցությունը, որին ձգտում է Վրաստանը: Հետևաբար, Վրաստանի իշխանությունները ձանձրույթով են վերաբերվում, բայց նրանք ստիպված են ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան կանանց ներկայացված լինել կենտրոնական ինշխանությունում և տեղական ինքնակառավարման մարմիններում: Մեխանիզմները դառնում են էլ ավելի պահանջկոտ, քանի որ դրանցից խուսափելու համար միշտ ելքեր են գտնվում: Նման մեխանիզմներից մեկը քվոտավորումն է:
Այս պահին Վրաստանի խորհրդարանում կանայք կազմում են 16%, տեղական ինքնակառավարման մարմիններում` 14%: Այսինքն՝ գենդերային հավասարության մասին խոսելը դեռ վաղ է, ինչին պետք է հանգեցնեին տարբեր մեխանիզմները:
Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) ներկայացուցիչ Դիանա Չաչուայի խոսքով, ըստ NDI-ի հարցման, տարեցտարի աճում է այն մարդկանց թիվը, ովքեր աջակցում են գենդերային քվոտաների ներդրմանը, անցյալ տարի նրանց թիվը կազմել է հարցվածների 70%-ը:
«Սա շատ կարևոր միտում է: Իսկապես, մի քանի տարի առաջ, երբ այդ գաղափարը առաջադրվեց խորհրդարանում, այս առաջարկը չստացավ անհրաժեշտ քանակությամբ ձայներ: Այնուհետև առաջարկվել էր, որ խորհրդարանի յուրաքանչյուր 4-րդ անդամը կին լիներ, բայց այս գաղափարն էլ չէր աջակցվել: Ինչո՞ւ՝ սա շատ հետաքրքիր հարց է: Ինձ թվում է, որ դա տեղի է ունենում յուրաքանչյուր թիմում, նրանք չեն կարող համաձայնության գալ: Որովհետև մեծամասնականները, և առհասարակ կուսակցությունները, որոնք խորհրդարանում մեծամասնություն են, մեծ ներդրումներ են կատարել՝ իրենց տեղը ստանալու համար և չեն ցանկանում հրաժարվել դրանից: Կարծում եմ, որ սա նույնպես խնդիր է», – ասում է Դիանան:
Նա կարծիքով, խորհրդարանականները տարբեր կարծիքներ ունեն այս հարցի շուրջ:
«Չպետք է մոռանալ, որ այսօր խորհրդարանում կա 150 պատգամավոր, և բոլորը տարբեր մտածելակերպ ունեն: Եվ հարկ է ասել, որ շատերը դեմ են նույնիսկ գենդերային քվոտաներին, նույնիսկ, օրինակ, Միացյալ Նահանգներում և շատ այլ երկրներում: Նույնը տեղի է ունենում մեր խորհրդարանում, այսինքն՝ կան մարդիկ, ովքեր գաղափարապես չեն պաշտպանում նման հայեցակարգը: Իհարկե, այս հարցը լուծելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք: Շուտով մեզ սպասվում է երկրորդ փորձը` այս հարցը քննարկելու, տեսնենք, թե որքան հաջողված կլինի այդ փորձը», – մեկնաբանում է Դիանա Չաչուան:
Ըստ փորձագետի՝ ՄԱԿ-ի գենդերային ծրագրի ներկայացուցիչ Մակա Մեշվելիանիի, բազում կուսակցություններում կան շատ կանայք, բայց ընտրությունների պահին նրանց առավելություններն անտեսվում են, իսկ ընտրությունն արվում է ի օգուտ տղամարդ թեկնածուների: Այս իրավիճակը շտկելու համար ընդունվել են քվոտաներ: Բացի այդ, եթե Սակրեբուլոյի կին անդամը տեղափոխվում է մեկ այլ կառույց, ապա նրա տեղը պետք է զբաղեցնի կին: Ըստ այդմ, եթե տղամարդն է տեղափոխվում մեկ այլ կառույց, ապա նրա տեղը նույնպես պետք է զբաղեցնի տղամարդ:
«Ի՞նչ կլինի, եթե կուսակցությունը չհետևի այդ պահանջներին: Պատժամիջոցները շատ խիստ են: Եթե կուսակցությունը չի պահպանում «Գենդերային հավասարության մասին» օրենքի պահանջները, ապա ԿԸՀ-ն հետ կվերադարձնի ցուցակները, և կուսակցությունը կունենա եռօրյա ժամկետ՝ շտկումներ կատարելու համար, այլապես կուսակցությանը կզրկեն ընտրություններին մասնակցելու իրավունքից, այսինքն՝ չեն գրանցի: Կան երկրներ, որտեղ նախատեսված է ֆինանսական տուգանք, բայց այս դեպքում կողմերը երբեմն նախընտրում են վճարել ֆինանսական տուգանքը, այլ ոչ թե պահպանել գենդերային հավասարակշռությունը: Այդ իսկ պատճառով, Վրաստանի խորհրդարանը հաշվի է առել դա և տուգանքի փոխարեն ներդրել է այսպիսի խիստ մեխանիզմ՝ ընտրություններին գրանցվելու իրավունքից», – ասում է Մակա Մեշվելիանին:
Նրա խոսքով՝ կա նաև ֆինանսական խթանման մեխանիզմ, որը Վրաստանում գոյություն ունի 2011 թվականից ի վեր:
«Խորհրդարանը, որտեղ ՄԱՇ-ը որպես մեծամասնություն էր, որոշում կայացրեց, որ այն կուսակցությունները, որոնք պետական ֆինանսավորում են ստանում, կստանան լրացուցիչ ֆինանսավորում, եթե պահպանեն որոշակի գենդերային հավասարակշռություն: Պահանջվող հավասարակշռությունը փոխվում էր: Սկզբում 39 էր, ապա՝ 20, և դրան համապատասխան՝ փոխվում էր նաև լրացուցիչ ֆինանսավորման չափը: Բայց, ցավոք սրտի, մինչ այժմ ոչ մի կուսակցություն, որը եղել է իշխանությունում, չի օգտվել այդ մեխանիզմից: Այդ մեխանիզմից հիմնականում օգտվում են ընդդիմադիր կուսակցությունները, ինչպես, օրինակ, 2011 թ.-ին: Բայց, ընդհանուր առմամբ դա չի հանգեցրել կանանց թվի ավելացմանը ոչ խորհրդարանում, ոչ էլ տեղական ինքնակառավարման մարմիններում», – ասում է Մեշվելիանին:
Դրան նպաստել է կուսակցությունների ընտրացուցակներում կին թեկնածուների կարգի վերաբերյալ պահանջների բացակայությունը:
«Կուսակցությունները հետևել են տեխնիկական պահանջներին, օրինակ՝ յուրաքանչյուր տասնյակում ընդգրկում էր 3 կին, բայց նրանց դնում էին այդ ցուցակի վերջում: Եվ ըստ այդմ, սա հետագայում չէր ազդում ընտրված պատգամավորների միջև գենդերային հավասարակշռության վրա: Ֆինանսական խթանման մեխանիզմն այժմ ուժի մեջ է, իսկ 2020 թվականի ընտրություններին այն կուսակցությունը, որը կունենա 1 կին-թեկնածու, լրացուցիչ ֆինանսավորում կստանա: Այսինքն՝ ըստ օրենքի, անհրաժեշտ է, որ 4 թեկնածուից մեկը կին թեկնածու լինի, իսկ եթե կուսակցությունը պարտավորվի յուրաքանչյուր 3 թեկնածուի համար առաջադրել 1 կին թեկնածու, ապա այդ կուսակցությունը կստանա լրացուցիչ ֆինանսավորում: Ի դեպ, կուսակցությունը պետք է օգտագործի այս ֆինանսները՝ իր կուսակցության ներսում կանանց դիրքի ամրապնդման համար: Ցավոք, ոչ բոլոր կուսակցություններն ունեն այսպես կոչված ֆորմալ կանանց թևք: Բայց, ընդհանուր առմամբ, կուսակցությունները պետք է զարգացնեն այն, հենց դրա համար էլ օգտագործելով ֆինանսները», – ասում է ՄԱԿ-ի գենդերային ծրագրի ներկայացուցիչ Մակա Մեշվելիանին:
Հուլիսի 20-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացրեց իր մեծամասնական թեկնածուներին: 30 թեկնածուից առաջադրվել է ընդամենը մեկ կին: Վրաստանի անկախության 30 տարիների ընթացքում Ջավախքից Վրաստանի խորհրդարանում ոչ մի կին թեկնածու չի եղել: Իշխող կուսակցությունն այս տարի նույնպես մեծամասնական պատգամավոր է առաջադրել տղամարդու: Մինչև վերջին գումարումը Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբլոյում ոչ մի կին ներկայացված չէր, 2017-ին Սակրեբուլոյի 38 պատգամավորներից ընտրվել է ընդամենը 2 կին:
Հոդվածը գրվել է «Ազգային փոքրամասնությունների մասնակցությունը քաղաքական գործընթացներին՝ ներգրավվածություն ավելի լավ ապագայի համար» ծրագրի շրջանակներում: