Տարածված տեղեկությունն այն մասին, որ Ախալքալաքի շտապ օգնության կենտրոնը երկու նոր մեքենա է ստացել չի համապատասխանում իրականությանը։ Ախալքալաքի շտապ օգնության կենտրոնի ղեկավարը վստահեցնում է, որ վերջին անգամ 2019 թվականին են շտապ օգնության ամենագնացներ ստացել:

Օրեր առաջ որոշ լրատվամիջոցներ տեղեկություն տարածեցին այն մասին, որ Սամցխե-Ջավախքի շտապ օգնության կենտրոնները նոր մեքենաներ են ստացել, այդ թվում՝ 2 հատ Ախալքալաքի կենտրոնը։

Սակայն Ախալքալաքի շտապ օգնության կենտրոնից վստահեցնում են, որ նոր մեքենաներ չեն ստացել։

«Մենք նոր մեքենանաեր չենք ստացել, մեր ունեցած մեքենաները նոր են: Երևի տվել են այն կենտրոններին, որտեղ մեքենայի կարիք է եղել»,- ասում է Ախալքալաքի շտապօգնության կենտրոնի տնօրեն Երեմ Եզոյանը։

Նոր մեքենաներ չի ստացել նաև Նինոծմինդայի շտապ օգնության կենտրոնը։

Ախալքալաքի շտապ օգնության Կենտրոնը նոր մեքենաներ ստացել է 2019 թվականին, «Toyota» մակնիշի նոր ամենագնացների յուրաքանչյուրի արժեքը 50 հազար եվրո է: