Ախալքալաքում վերջին շրջանում շատացել են անչափահասների և երիտասարդների մասնակցությամբ ծեծկռտուքներն ու վիճաբանությունները: Դեպքերի աճը պայմանավորված է մի շարք փաստերով: Jnews-ը զրուցել է հոգեբան Աշխեն Մկոյանի հետ: Ըստ նրա՝ հատկապես դեռահասության տարիքին շատ բնորոշ են ագրեսիայի նման դրսևորումները, իսկ դրանց պատճառները շատ տարբեր են՝ սկսած անձնային և վերջացրած հասարակության և ընտանեկան պատճառներով:

«Վատ վարքը ագրեսիայի և վատ էմոցիոնալ վիճակի դրսևորում է: Եթե մարդն իր մեջ ունի ներքին կոնֆլիկտներ, որոնք չի կարողանում իր մեջ լուծել, ապա դա կարող է դրսևորվել ագրեսիայի ձևով, որը բնորոշ է նույնիսկ երեխաներին: Քանի որ նրանց դեպքում այդ խնդիրներին լուծում գտնելը շատ ավելի դժվար է և արտահայտման ձևերը տարբեր են, իսկ հիմա այդ ագրեսիայի վրա մեծ ազդեցություն է ունենում համացանցը»:

Աշխենը նշում է՝ համակարգչային խաղերը նույնպես ազդեցություն են ունենում, քանի որ ամենուր մարդիկ տեսնում են ագրեսիա և այդ տեսարաններն այնքան սովորական են դարձել, որ եթե երեխան սկսում է կրկնօրինակել ինչ-որ մի բան իր սիրած ֆիլմից, ապա դա կողքից հաճախ նորմալ է դիտվում: Իսկ երբ ծնողները չեն կարողանում լավ լեզու գտնել երեխայի հետ, բնականաբար երեխայի մոտ ագրեսիան դրսևորվում է որպես իր սահմանները պաշտպանելու, անհամաձայնության տեսքով: Օրինակ՝ եթե ծնողները շատ ուշադիր են երեխայի նկատմամբ՝ անընդհատ նրա փոխարեն որոշումներ են ընդունում, անձնական տարածք չեն տալիս և ինքնուրույն չեն թողնում, ապա երեխան կարող է հենց դրանից ագրեսիա ցույց տալ՝ իր անձնական սահմանները պաշտպանելու համար: Կարող է նաև հակառակը լինել: Օրինակ, եթե երեխայի հանդեպ անուշադիր են, ապա երեխան կարող է ագրեսիա դրսևորել, որպեսզի ծնողների ու հասարակության կողմից ուշադրություն գրավի: Պատճառները շատ տարբեր կարող են լինել և ամեն դեպքում անհրաժեշտ է կետ առ կետ հասկանալ այդ պատճառները և համապատասխան քայլեր ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ:

«Կարծում եմ, որ անհրաժեշտ է անհատական աշխատել այդ երեխաների և նրանց ընտանիքների հետ: Պարզել, թե ու՞մ հետ են նրանք շփվում և ընկերություն անում, ցանկացած բան կարող է ազդել երեխայի վարքի վրա, նույնիսկ այն, որ նա անինքնավստահություն ունենա և փորձի ուրիշի հաշվին ինքնահաստատվել՝ հաղթահարելով սեփական անվստահությունը»:

Հոգեբան Աշխեն Մկոյանի խոսքով, ինչքան շատ են անչափահասների մասնակցությամբ վեճերն ու ծեծկռտուքները, այդքան անհրաժեշտութուն է առաջանում անհատական աշխատել խնդիրների վրա և քայլերը մի քանի շերտ ունեն, սկսած ընտանիքից, դպրոցից, ինչպես նաև համընդհանուր հասարակության մեջ ինչ-որ կետեր փոխելուց, որն արդեն մեզանից յուրաքանչյուրը պետք է անի:

Ախալքալաքում անչափահասների մասնակցությամբ խուլիգանությունները սովորաբար տեղի են ունենում դանակի կամ այլ զենքի կիրառմամբ, հարուցվում են քրեական գործեր: Այս պահի դրությամբ Ախալքալաքի շրջանային դատարանը քննել և քննարկում է 14 գործ, որում մասնակցություն են ունեցել անչափահասներ կամ երիտասարդներ: Այդ դեպքերից որոշներն ավարտվել են մահով կամ մարդու առողջությանը լուրջ վնաս հասցնելով։