Առաջին բազմակի օգտագործման էլեկտրոնային դիմակի նախատիպը, որը պաշտպանում է վիրուսային վարակներից և որի ստեղծման վրա աշխատել է գյուտարար Դավիթ Միզանդարին՝ ստացել է լաբորատոր եզրակացություն:

Դավիթ Միզանդարին իր ֆեյսբուքյան էջում գրառում է հրապարակել, որում ասվում է, որ իր գյուտը անցել է բոլոր փուլերը` գաղափար, տեսություն, պրակտիկա և լաբորատոր եզրակացություն: Նա տեղադրել է եզրակացության լուսանկարը՝ շնորհակալություն հայտնելով Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ենթակայությունում գործող Լուգարի լաբորատորիայի մասնագետների թիմին:

«Հետազոտությունները ցույց են տվել, որ մանրեասպան էլեկտրոնային շնչառական սարքերը օժտված են մանրէազերծող հատկությամբ և կարող են օգտագործվել բակտերիալ վարակների դեմ», – պարզաբանել է գյուտարարը:

Էլեկտրոնային դիմակը ստեղծվել է ընդամենը 48 ժամվա ընթացքում՝ օգտագործելով 3D տպիչ: Դիմակը մշակելիս Միզանդարին օգտագործել է օդը զտելու և ստերիլիզացնելու մի քանի մեթոդ: Արդյունքում, սարքը զտում է օդը 99.9%-ով:

Դիմակն ունի մարտկոց, որը կարող է աշխատել լիցքավորվելուց հետո 8-12 ժամ: Շնչառական անբավարարություն ունեցող անձանց համար կա Boost Air On ֆունկցիան, որն ինքնաբերաբար փոխանցում է անհրաժեշտ օդի հոսքը` կախված մարդու շնչառության ռիթմից:

Նաև սարքը կարող է արտանետել ուլտրամանուշակագույն ճառագայթներ, որոնք օգնում են ստերիլիզացնել տարբեր առարկաները՝ հեռախոսը, դրամապանակը և այլն: Դիմակը կարելի է մաքրել խոնավ կտորով, իսկ ֆիլտրը փոխարինելը շատ հեշտ է:

Դավիթ Միզանդարին մասնագիտությամբ էներգետիկ է, թեև նրան հաջողվել է աշխատել տարբեր ոլորտներում: Նա հանդիսանում է Biletebi.ge տոմսերի կայքի համահիմնադիրը, առաջին 3D քվևրի (կավե գինու կուժ) համահիմնադիրը, ինչպես նաև աշխատել է որպես «Geocell» խոշոր բջջային ընկերության բիզնեսի զարգացման մենեջեր: