Վրաստանը սահմաններ կբացի այն օտարերկրյա գործարարների, ֆրիլանսերների և ինքնազբաղված քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են երկար ժամանակով մուտք գործել երկիր: Համապատասխան որոշումը կայացրել է կառավարության համակարգող խորհուրդը:
Հատուկ պայմանների դեպքում արտասահմանյան այն քաղաքացիներին, ովքեր կարող են հեռակա կարգով աշխատել աշխարհի ցանկացած վայրից, կթույլատրվի Վրաստան գալ: Ինչպես պարզաբանել է Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան, նրանք ստիպված կլինեն մնալ երկրում առնվազն վեց ամիս:
«Խոսքը սահմանների բացման մասին է այնպես, որ մի կողմից հնարավորինս պաշտպանենք մեր քաղաքացիների առողջությունը, մյուս կողմից` թույլատրենք Վրաստան մուտք գործել վերը նշված կատեգորիային պատկանող բոլոր երկրների քաղաքացիներին», – մեջբերում է Թուրնավան:
Վրաստանում ապրել և աշխատել ցանկացող օտարերկրյա քաղաքացին պետք է նախնական թույլտվություն ստանա երկրի իշխանություններից: Դա անելու համար հարկ կլինի հայտադիմում թողնել հատուկ ստեղծված հարթակում: Դրան պետք է կցվի աշխատավայրից տեղեկանք կամ գործատուի հետ կապ հաստատելու տվյալները: Բացի այդ, օտարերկրացիները ստիպված կլինեն հաստատել 14-օրյա կարանտին անցնելու պատրաստակամությունը, որը նրանք պետք է վճարեն հենց իրենք: Բոլոր դիմումատուները պետք է ունենան նաև վեցամսյա ճանապարհորդական ապահովագրություն:
Ինչպես պարզաբանել է Թուրնավան, նախագիծը պատրաստվել է երկրի աստիճանական բացման ռազմավարության շրջանակներում: Վարչապետի կարգադրությամբ նախաձեռնության վրա աշխատում են Վրաստանի Էկոնոմիկայի նախարարությունը և Զբոսաշրջության ազգային վարչությունը:
Նախարարի խոսքով՝ առաջիկա օրերին կհրապարկվեն օտարերկրացիների՝ ֆրիլանսերների և գործարարների, մուտքի հատուկ ռեժիմի բոլոր մանրամասները: Դրանից հետո կսկսվի հայտադիմումների ընդունումը և քննարկումը:
Մարտի 21-ից մայիսի 22-ը Վրաստանում կորոնավիրուսների տարածումը կանխելու համար գործում էր արտակարգ դրություն: Իշխանությունները հույս ունեին, որ երկիրը զբոսաշրջիկների համար կբացվի հուլիսի 1-ին և կվերականգնվի կանոնավոր միջազգային ավիաչվերթները, բայց այս որոշումը հետաձգվեց մինչև հուլիսի վերջ:
Այսօրվա դրությամբ Վրաստանը պայմանավորվածություն է ձեռք բերել Գերմանիայի, Ֆրանսիայի, Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի հետ սահմանների անվերապահ երկկողմ բացման վերաբերյալ:
Կառավարությունը շարունակում է համագործակցել ԵՄ անդամ երկրների հետ՝ սահմանների բացման հարցով: Օտարերկրացիների Վրաստան մուտքի պայմանները, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիների արտասահման ուղևորության պայմանները վերանայվում են երկու շաբաթը մեկ անգամ: