Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Հայաստանի կառավարությունից։
ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը վարչապետին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում՝ Տավուշի ուղղությամբ, վերջին երկու օրերին հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված օպերատիվ իրավիճակը, հակառակորդի գործողությունները զսպելու ուղղությամբ հայկական զինուժի կողմից իրականացվող պատժիչ քայլերը:
Ընդգծվել է, որ իրավիճակը գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված իրադրության հնարավոր զարգացումներն ու Զինված ուժերի համարժեք գործողությունները:
Վարչապետ Փաշինյանը նշել է՝ ՀՀ զինված ուժերը հերթական անգամ ապացուցում են, որ մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու հինգ վիրավոր ունի՝ 2 ոստիկան ու 3 պայմանագրային, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, ապա՝ ԱԹՍ կիրառել Բերդի ուղղությամբ: Տուժածներ չկան։