Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 577-ով՝ հասնելով 31 հազար 969-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 214-ով և հասել 19 հազար 633-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 1885 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 134 հազար 989-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 565-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 65 (կին), 87 (կին), 67 (տղամարդ), 37 (տղամարդ), 63 (տղամարդ) և 86 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 182 է:

Այսպիսով, Covid-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 589 մարդ: