Այսօր՝ հուլիսի 8-ին, Ախալքալաքի քաղաքապետարանի դիմաց հավաքվել էին Կիմ Կուղոյանի կողմնակիցներն ու հարազատները, որին նախօրեին դատապարտել էին չորսուկես տարվա ազատազրկման՝ զենքի ապօրինի ձեռքբերման, պահելու և կրելու համար: Դատապարտյալի հարազատները պահանջում էին, որ իշխանությունները վերանայեն դատավճիռը:
Ժամը 12.00-ի սահմաններում մարդիկ սկսել էին հավաքվել Ախալքալաքի քաղաքապետարանի մոտ: Նրանք ցանկանում էին հանդիպել իշխանության ներկայացուցիչների հետ և սպասում էին, որ իրենց հետ հանդիպման կգան պատգամավորը, քաղաքապետը և Սակրեբուլոյի նախագահը: Անվտանգության աշխատակիցները չէին ուզում ներս թողնել ցուցարարներին, բայց ի վերջո բոլորը մտան քաղաքապետարանի շենք:
Ծնողներն ու հավաքվածները կարծում են, որ Կիմ Կուղոյանն անմեղ է, և տարբեր մարդկանց և կառույցների մեղադրում են նրա դատավճիռը կայացնելու մեջ: Նրանք իշխանություններին մեղադրում են անգործության և կաշառակերության մեջ, իսկ գործով դատավոր Արարատ Եսոյանին և դատարանին՝ կողմնակալության մեջ:
Ցուցարարները քննադատել են ոստիկանության առանձին սպաների, մասնավորապես ոստիկանության նախկին պետ Գիորգի Սորդիային՝ պնդելով, որ նա զենք է «գցել» Կուղոյանի մոտ, ինչպես նաև Անվտանգության ծառայության աշխատակից Շալվա Լոմսաձեին մեղադրում են՝ նման գործընթացները վերահսկելու մեջ:
Կիմ Կուղոյանի ծնողները մեղադրել են կենտրոնական հեռուստաընկերություններ՝ «Իմեդիին», «Ռուսթավի 2»֊ին և «Մթավարիին»՝ իշխանություններին հավատարմության մեջ, քանի որ, ըստ նրանց, այս ԶԼՄ-ները անտեսում էին գործընթացը լուսաբանելու իրենց խնդրանքները:
Ծնողներն ու նրանց կողմնակիցները նաև հորդորել են հույս չունենալ իրենց ակտիվության վրա, Ախալքալաքում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ցուցարարները իշխանություններին մեղադրել են, որ նրանք «ձրիակերներ են, ովքեր նստած են բնակչության վզին՝ վախեցնելով նրանց»:
Ավելի ուշ նրանց մոտ են եկել՝ պատգամավոր Հենզել Մկոյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը և Սակրեբուլի նախագահ Նաիրի Իրիցյանը:
Հենզել Մկոյանն ասաց, որ ինքը հասկանում է ծնողների վիճակը, և նա զրուցել է բոլորի հետ, ովքեր կարող էին լուծել այս հարցը, բայց արդյունք չկա:
Բողոքի ակցիայի մասնակիցները նաև խոսել են այն մասին, որ եթե Կիմ Կուղոյանը ներկա լիներ դատական նիստերին և, խոստովաներ մեղքը, ընդառաջեր և գար գործընթացային համաձայնության, գուցե նա շատ ավելի կարճ ժամկետով դուրս գար այս իրավիճակից, սակայն, ծնողների խոսքով, նա իրեն անմեղ է համարում:
Բողոքի ակցիայի ժամանակ հայտնի է դարձել, որ Կիմ Կուղոյանին դեռևս չեն կալանավորել, ոչ ոք չգիտի նրա գտնվելու վայրի մասին, եթե նա շարունակի թաքնվել, նրա նկատմամբ կհայտարարվի որոնում:
Ավելին Կուղոյանի գործի վերաբերյալ ծանոթացեք հետևյալ հղումով