Վրաստանի մասնագիտական ուսումնարաններում ուսումնական գործընթացը վերսկսվում է այսօրվանից՝ հուլիսի 6-ից: Այս մասին հաղորդում է Վրաստանի կրթության նախարարության մամուլի ծառայությունը:
Մինչ այս պահը 70 պետական և մասնագիտական ուսումնարաններ արդեն ստացել են ուսումնական պրոցեսը վերսկսելու իրավունք: Բոլորն անցել են ստուգումներ և պարտավորվել են հետևել Առողջապահության նախարարության հանձնարարականներին:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Թամար Կիտիաշվիլին ծանոթացել է Արևմտյան Վրաստանում ուսման վերսկսման նախապատրաստման գործընթացին: Նա այցելել է Փոթիի «Ֆազիսի» և Օզուրգեթիի «Հորիզոն» քոլեջներ:
Ըստ Կիտիաշվիլիի՝ այս ուսումնարանները կարողացել են աշակերտների համար ստեղծել անվտանգ միջավայր:
Մարտի կեսերին գրեթե բոլոր վրացական մասնագիտական ուսումնարաններն անցել էին հեռավար աշխատառեժիմի: Երկու ամիս, առցանց դասընթացների օգնությամբ, ուսանողներին վերապատրաստել են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են IT ծրագրերը, օտար լեզուները, հաշվապահությունը, հյուրանոցային մարկետինգը և վաճառքը:
Ներկայումս վրացական քոլեջներում իրականացվում է շուրջ 140 կարճաժամկետ ծրագրեր և մի քանի տասնյակ երկարաժամկետ ծրագրեր: Ուսանողների նոր հոսքի հավաքագրման սկիզբնական շրջանում աշնանային կիսամյակի համար հատկացվել է ավելի քան 11 հազար տեղ:
Անցյալ շաբաթ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտնել էր, որ մասնագիտական ուսումնարանների ուսանողները ուսման ժամանակ չեն կանչվի պարտադիր զինվորական ծառայության: Կառավարությունը ակնկալում է, որ այս նախաձեռնությունը կնպաստի երկրում մասնագիտական կրթության զարգացմանը: Ուսումը շարունակելու համար հետաձգումից օգտվել հնարավոր է միայն մեկ անգամ: