Ըստ Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի, Վրաստանի հյուրանոցներում գիտաժողովների և թրեյնինգների անցկացման սահմանափակումները, ամենայն հավանականությամբ, կվերացվեն հուլիսի 6-ին: Ինչպես նշել է Նաթիա Թուրնավան, մշակվել է անվտանգության հատուկ կանոնակարգ, որը մի փոքր պարզաբանում է պահանջում:
«Չնայած միջազգային այցելուների բացակայությանը, մեր քաղաքացիների պահանջն էր տարբեր կազմակերպությունների հովանու ներքո անցկացնել թրեյնինգներ, գիտաժողովներ, տարբեր աշխատանքային հանդիպումներ: Քննարկեցինք այս հարցը և հավատում ենք, որ հյուրանոցների կողմից այդ պահանջը բավականին ռացիոնալ և արդար է: Առողջապահության նախարարությունը մշակել է համապատասխան կանոնակարգ, որը մի փոքր պարզաբանման կարիք ունի, և այն կհրապարակվի մինչև երկուշաբթի: Ինչ վերաբերում է ցուցահանդեսային գործունեությանը, ապա կարևոր է նաև, որ այն իրականացվի համաձայն կանոնների:
Մի քանի տեսակի միջոցառումների անցկացումը դեռ սահմանափակ է, մենք հասկանում ենք այս խնդիրը: Դրանք են՝ ֆիթնես կենտրոնները, լողավազանները, բայց հաջորդ փուլում մենք կքննարկենք այդ գործունեության սահմանափակումների վերացումը` համաձայն կանոնակարգի: Այս փուլում այս հարցը դեռ չի քննարկվել: Այժմ մենք միայն խոսում ենք թրեյնինգների, գիտաժողովների, ցուցահանդեսային միջոցառումների մասին», – ասել է Նաթիա Թուրնավան:
Հարկ է նշել, որ արդեն իսկ իրականացված ստուգումների արդյունքում 588 օբյեկտներ համապատասխանում են անվտանգության անհրաժեշտ չափանիշներին: Առողջապահության նախարարությանը կից աշխատանքային պայմանների ստուգման դեպարտամենտը նշել է, որ մինչ այս պահը ստուգվել է ընդհանուր 1607 հյուրանոց: