Վրաստանի կրթության նախարարությունը քննարկում է ուսումնական գործընթացը խառը մոդելով վերսկսելու հնարավորությունը 2020 թվականի աշնանը: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի կրթության փոխնախարար Էկա Դգեբուաձեն:

Ակնկալվում է, որ Վրաստանում ուսումնական գործընթացը կվերսկսվի ինչպես միշտ՝ աշնանը, և արդեն սեպտեմբերի 15-ին բոլոր պետական դպրոցները կընդունեն աշակերտներին: Կրթության նախարարությունը չի բացառում, որ դասերի մի մասն անցկացվի դասասենյակներում, իսկ մի մասը` հեռավար:

«Հենց հիմա մենք պլանավորման գործընթացում ենք, թե ինչ ձևով ենք առաջարկելու աշակերտներին կրթություն: Այնուամենայնիվ, ես ուզում եմ շեշտել, որ մեր հիմնական նպատակն է, որպեսզի երեխաները վերադառնան դասասենյակներ և դասապրոցեսը վերսկսվի դասարաններում», – հայտարարել է Դգեբուաձեն:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ նոր ուսումնական տարին կրկին վերսկսվի ավագ դպրոցի աշակերտների համար առցանց ռեժիմով, իսկ տարրական դասարանների աշակերտներն ուսումը շարունակեն անմիջապես դպրոցում, Դգեբուաձեն պատասխանել է, որ դիտարկվում են բազում տարբերակներ:

«Կան բազմաթիվ տարբերակներ, և մենք պետք է պատրաստ լինենք ապահովելու կրթության մատչելիությունը՝ ելնելով բոլոր տարբերակներից: Դա կլինի խառը մոդելը, թե ուսումնական գործընթացն ամբողջությամբ կանցկացվի դասասենյակներում՝ այս առթիվ մենք դեռ վերջնական որոշում չենք կայացրել», – նշել է Դգեբուաձեն:

Կրթության նախարարությունը վերջնական որոշումը կկայացնի՝ հաշվի առնելով Առողջապահության նախարարության դիրքորոշումը: Քննարկումներին մասնակցում են նաև դպրոցների վարչակազմերը և ՀԿ-ները: Առաջիկայում գերատեսչությունը կանցկացնի ճեպազրույց և հանրությանը կտրամադրի մանրամասն տեղեկություններ բոլոր նորամուծությունների վերաբերյալ:

Ավելի վաղ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն չէր բացառել, որ աշնանը դպրոցականների համար նորից կարող է անհրաժեշտ դառնալ հեռավար ուսուցումը:

Միևնույն ժամանակ, նա նշել էր, որ եթե համաճարակաբանական իրավիճակը նույնը մնա, ինչպիսին այսօր է՝ համեմատաբար հանգիստ, կարիք չի լինի հետաձգել ուսումնական պրոցեսը: Ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերին, բայց կկազմվեն խիստ կանոններ և անվտանգության միջոցառումներ:

Վրաստանի կրթության նախարարությունն այս տարի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար երկու անգամ երկարացրել էր գարնանային արձակուրդները, այնուհետև դպրոցականներին տեղափոխել հեռավար ուսուցման: Այնուամենայնիվ, ելնելով այն հանգամանքից, որ ոչ բոլոր դպրոցականները կարող են համացանցի միջոցով միանալ առցանց դասերին, մարտի 30-ին Վրաստանի հանրային հեռուստաընկերությունում մեկնարկել էր «Հեռուստադպրոց» նախագիծը: Հեռուստատեսային դասերը, որոնք հեռարձակվում են ամբողջ երկրում, վարում էին փորձառու ուսուցիչները:

NewsGeorgia.ge