Վրաստանի հանրակրթական դպրոցներում ավարտական քննությունների թիվը հնարավոր է կրճատվի։ «Ինտերպրեսնյուս» լրատվականին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի Կրթության եւ գիտության նախարար Միխեիլ Չխենկելին:
Նրա խոսքով, ԿԳ նախարարությունը ոլորտի զարգացման համար սկսել է աշխատանքներ իրականացնել մի քանի ուղղությամբ։ Ըստ նրա, ավարտական քննությունների թվի փոփոխության հարցը հնարավոր է որոշվի հենց այս տարի:
Չխենկելին նշել է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության և դպրոցների ավարտական քննությունները չեն միավորվի, սակայն հնարավոր է կրճատվի դպրոցներում քննությունների թիվը։ Նախարարը չի բացառել նաև, որ հնարավոր է դպրոցներում ընդհանրապես ավարտական քննություններ չանցկացվեն։
«Տարբեր մոդելների վրա ենք աշխատում։ Ուզում ենք քննական համակարգն էլ ավելի արդյունավետ դարձնել Հնարավոր է կոնկրետ ուղղություններով փոփոխություններ տեղի ունենան հենց այս տարի: Այժմ ինտենսիվորեն աշխատում ենք գնահատման և քննությունների ազգային կենտրոնի հետ: Ակնհայտ է, որ դպրոցներում պետք է ստուգումներ անցկացվեն՝ պարզելու աշակերտների գիտելիքների մակարդակը, պետք է նաև շեշտը դնել նրանց ստեղծագործական մտածելակերպի զարգացման վրա»,- հայտարարել է նախարարը:
Աղբյուրը՝ Aliq-media