Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ախալքալաքցի մարզիկ Գագիկ Պոզոյանը գրավել է երրորդ տեղը:

Նոյեմբերի 20-28-ը լեհական Կոլոբժեգ քաղաքում կայացավ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Մասնակցում էին մարզիկներ Եվրոպայի ավելի քան 40 երկրներից: Այս մրցաշարին Վրաստանը ներկայացավ յոթ մարզիկով, որոնցից մեկը Ախալքալաքի մարզահամալիրի 18-ամյա սան Գագիկ Պոզոյանն էր:

Վրաստանի պատվիրակությունը վերադարձել է երեք մեդալով, որոնցից մեկը նվաճել է հենց Գագիկը:

2013 թվականից Գագիկ Պոզոյանը Վրաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականում է: Հաջորդ տարվանից նա կտեղափոխվի մեծահասակների կարգ:

Եվրոպայի առաջնությունում Գագիկ Պոզոյանը հանդես եկավ 56 կգ քաշային կարգում: Առաջին մենամարտում նա հաղթեց հայ մարզիկին, երկրորդ մենամարտում` հունգարացուն, իսկ երրորդում` պարտվեց ֆին մարզիկին:

Գագիկ Պոզոյանի խոսքով, նա մեկնել էր հաղթանակի մտադրությամբ, քանի որ լավ էր պատրաստվել:

«Եթե ես մի քիչ ավելի խելացի աշխատեի, կհաղթեի: Նա ինձանից բարձր էր և ավելի շատ էր խուսափում մենամարտում: Այս մրցաշարերն ավելացրին իմ փորձը, ինչքան ավելի շատ ես մասնակցում մրցաշարերի, այդքան ավելի շատ ես փորձ ձեռք բերում»,- ասում է Գագիկ Պոզոյանը:
gagik2
Գագիկ Պոզոյանը զբաղվում է բռնցքամարտով 9 տարեկանից և շատ է սիրում այս մարզաձևը: Նա սովորում է 12-րդ դասարանում, և չհաշված ֆիզկուլտուրան, շատ է սիրում մաթեմատիկան և ֆիզիկան:

Մարզիկը մտադիր է շարունակել իր բռնցքամարտի կարիերան: Նրա ծնողները շատ ուրախ են, որ նրանց որդին հաղթել է և հպարտանում են նրանով: Գագիկի մայրը ուսուցչուհի է, իսկ հայրը գնում է Ռուսաստան` արտագնա աշխատանքի:

«Իմ հայրը ցանկանում է, որ ես շարունակեմ զբաղվել բռնցքամարտով, սակայն դրան դեմ է իմ տատիկը, իսկ մայրս դեռ լռում է», – ասում է Գագիկ Պոզոյանը:

Մարզիկն ունի երազանք, որի մասին չի ցանկանում խոսել, ասելով. «Հետո չի իրականանա, դրա համար է երազանք, որ ոչ ոք չիմանա»:

Շատ գոհ է իր մարզիկի արդյունքներից մարզիչ Ատոմ Էլիզբարյանը:
«Սա շատ լուրջ առաջնություն էր: Մենք մարզվում էինք և սպասում արդյունքի: Ես գոհ եմ և հպարտ, իմ աշխատանքը տվեց իր արդյունքը: Նա շատ լավ ելույթ ունեցավ, մենք համացանցի առցանց ռեժիմի միջոցով դիտեցինք և նա ավելի շատ միավոր էր հավաքել, սակայն անհասկանալի պատճառներով մենամարտը տվեցին ֆին մարզիկին», – ասում է Ատոմ Էլիզբարյանը:

Մարզչի խոսքով Գագիկ Պոզոյանը գրագետ և խելացի բռնցքամարտիկ է և կարող է բարձր պահել ոչ միայն Ջավախքի, այլ նաև Վրաստանի անունը: Նա հուսով է, որ Գագիկ Պոզոյանը կմասնակցի 2020 թվականի Օլիմպիական Խաղերին: Հաջորդ տարի նա չի կարող մասնակցել, քանի որ տարիքի պատճառով չի կարող արտոնագիր ստանալ:

Իսկ այժմ Ատոմ Էլիզբարյանը հույսեր է կապում մարզիկ Երանոսյանի հետ, որը ճանաչվել է Վրաստանի լավագույն բռնցքամարտիկ: Հաջորդ տարվա մայիսին Թուրքիայում կխաղարկվի 2016 թվականի Օլիմպիական Խաղերի ուղեգիր: Ատոմ Էլիզբարյանը մեծ հույս ունի, որ իր մարզիկը կնվաճի Օլիմպիական Խաղերի ուղեգիր:

Շուշան Շիրինյան