Հավանականությունը շատ քիչ է, որ ջավախքցի դիմորդները կարողանան մասնակցել Հայաստանում ընդունելության ազգային միասնական քննություններին: Օտարերկրյա դիմորդները օնլայն ձևաչափով քննություն կարող են հանձնել միայն Հայ-Ռուսական համալսարանում:
Jnews-ը «Ջավախքցի դիմորդները զրկված են Հայաստան ընդունվելու հնարավորությունից» վերտառությամբ նյութ էր հրապարակել, որում նշված էր, որ Ջավախքի դիմորդները դիմում են Հայաստանի համապատասխան գերատեսչություններին՝ խնդրանքով, որ իրենց հնարավորություն տրվի մասնակցել ազգային միասնական քննություններին: Քանի որ, կորոնավարակով պայմանավորված փակ է հայ-վրացական միջպետական սահմանը և չեն կարողանում Հայաստանում մասնակցել ազգային միասնական քննություններին:
Հայ-Ռուսական համալսարանն արձագանքելով ջավախքցի դիմորդների բաց նամակին տեղեկատվություն է տարածել.
«Հայ-Ռուսական համալսարանը տեղեկանալով Ձեր խնդրի մասին, ցանկանում է տեղեկացնել Ձեզ, որ մենք, ստեղծված իրավիճակից ելնելով, կարևորելով մեր ապագա ուսանողների և իրենց հարազատների առողջությունը, դեռևս մայիսի սկզբին որոշում էինք կայացրել մեր ընդունելության քննություններն անցկացնել առցանց-օնլայն ձևաչափով: Դա արվել է նաև այն նպատակով, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցները հնարավորություն ունենան իրենց բնակության վայրերից հանձնել ընդունելության քննությունները՝ մեր համալսարան ընդունվելու համար»։
Նշենք, որ Հայ-Ռուսական համալսարանի բակալավրիատում և մագիստրատուրայում առկա են ինչպես հայկական, այնպես էլ ռուսական բաժիններ։
Ելնելով ստեղծված իրավիճակից, «Ջավախք» ուսանողական միությունը կապ է հաստատել ԿԳՄՍ նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնի և Սփյուռքի բաժնի աշխատակիցների հետ և պարզել, որ գրեթե անհնարին է, որ ընդունելության ազգային միասնական քննություններին կարողանան մասնակցեն ջավախքցիները:
«ԿԳՄՍ նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնը դիմել է ԿԳՄՍ նախարարությանը հնարավորության դեպքում գոնե Վրաստանի դիմորդների համար քայլեր ձեռնարկել, սակայն քիչ է հավանականությունը, որ ջավախքցի դիմորդները կկարողանան մասնակել: Չի լինելու նաև ընդունելության 2-րդ փուլ (ինչպես լինում էր նախորդ տարիներին՝ բանակից զորացրվածների, հարգելի պատճառով ուշացածների, Սփյուռքից ու Ջավախքից դիմորդների համար):
Իսկ ԿԳՄՍ նախարարության Սփյուռքի բաժնից տեղեկացրին, որ այս տարի դիմորդները Սփյուռքից ու Ջավախքից կարող են դիմել առցանց, սահմանված ժամկետներում (Սփյուռքով ու Ջավախքով առցանց դիմելու կարգին ու ժամկետներին ծանոթանալու համար կարող եք անցնել հղումով՝ http://escs.am/am/news/6580), և եթե մինչև քննությունների սկիզբը սահմանները չբացվեն, ապա հնարավոր է քննությունները հետաձգվեն»:
Հայաստանում ընդունելության ազգային միասնական քննությունները կանցկացվեն հուլիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում:
Ջավախքցի դիմորդների հավաքական նամակում մասնավորապես նշված է. «Մենք՝ հայ դիմորդներս, չենք կարող հատել հայ-վրացական սահմանը և մասնակցել միասնական ազգային քննություններին Հայաստանում գտնվող քննական կենտրոններում: Խնդրում ենք աջակցել մեզ և ստեղծել քննական հանձնաժողով և քննական կենտրոն Վրաստանի տարածքում: Մենք հայ ենք, Վրաստանի քաղաքացի և ցանկանում ենք բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանի հանրապետության բուհերում»:
Նամակն ստորագրել են մի քանի տասնյակ դիմորդներ: Նրանք հույս ունեն, որ Հայաստանի իշխանություններն ըմբռնումով կմոտենան իրենց խնդրանքին:
Նշենք, որ ամեն տարի Ջավախքից մոտավոր 250-300 դիմորդ ընդունվում է Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ: