Աղմաշենեբելի-Երևանյան խաչմերուկի մերձակայքում գտնվող տների բնակիչները կրկին բողոքում են, որ անձրևից հետո ամեն անգամ ջուր է լցվում իրենց տներն ու նկուղները: Նրանք մտավախություն ունեն, որ մշտական խոնավությունը կարող է խարխլել իրենց տների հիմքերը:
Ախալքալաք քաղաքում ջրահեռացման համակարգի բացակայության և փողոցում սխալ հաշվարկված մակարդակի պատճառով կոյուղաջրերը այլևս հոսելու տեղ չունեն, և դրանք ներծծվում և թափվում են մարդկանց տների նկուղները: Աղամալյան փողոցի վերջնամասի բնակիչները տարիներ շարունակ տանջվում են անձրևաջրերից առաջացած խոնավությունից:
Բնակիչների խոսքով՝ անձրևոտ ժամանակ փողոցի այս հատվածում անընդմեջ անձրևակույտեր են գոյանում, և բնակիչների նկուղներում միշտ խոնավ է, իրավիճակն ավելի է բարդացել Աղմաշենեբելիի կենտրոնական փողոցի վերականգնումից հետո:
Հորդառատ անձրևներից հետո նույն խնդիրն առաջանում է Աղամալյան փողոցի վերջնամասում էլ: Ըստ բնակիչների, նախկինում էլ այս փողոցում կային ջրափոսեր, բայց ոչ այսչափ մեծ, որքան հիմա է:
Բնակիչներն ասում են, որ պատրաստ են ծայրահեղ միջոցների գնալ և պատրաստվում են դիմել քաղաքապետարան:
Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 3-ին, «Ջավախ Ավտո Գզա» ընկերության տնօրենը՝ Ջաբա Ձիրկվաձեն, որն իրականացնում է Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհի վերականգնումը, Jnews-ի հետ զրույցում ասել էր. «Աղմաշենեբելիի հատվածի վրա աշխատանքները դեռ ավարտված չեն: Մենք ամեն ինչ անում են ըստ կանոնակարգի: Նորոգման աշխատանքների վերջնական ավարտից հետո այլևս խնդիրներ չեն լինի»:
Վերականգնման մասին պայմանագիրը ստորագրվել է 2019 թվականի հուլիսի 10-ին և ուժի մեջ է մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը:
Արդյո՞ք Աղմաշենեբելի փողոցում ավարտական վերականգնողական աշխատանքները կօգնեն Աղաշենեբելի-Երևանյան խաչմերուկի մոտակայքում գտնվող տների խոնավության խնդրին, պարզ կդառնա աշնանը, երբ ավարտվի վերանորոգումը:
Բրատիսլավ Իգիթխանյան