Ախալքալաքում մեծանում է կորոնավիրուսի դեմ պատվաստվել ցանկացող մարդկանց թիվը: Պատվաստման գործընթացի սկզբից մինչև այսօր՝ սեպտեմբերի 1 -ը, Ալխալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում պատվաստվել է 2 142 մարդ, օրական միջինը պատվաստվում է 120 մարդ: Վերջին օրերին պատվաստվածների մեծ մասը շրջանի դպրոցների ուսուցիչներն են:
Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնի (ՀԱԿ) տվյալներով, վերջին օրերին մունիցիպալիտետում ավելացել է պատվաստվողների թիվը: Վերջին օրերին, այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ ուսուցիչների պարտադիր թեստավորումը վճարովի է դառնալու, ավելացել է նաև պատվաստվել ցանկացող ուսուցիչների թիվը: Երեք օրվա (օգոստոսի 31 -ից սեպտեմբերի 2 -ը) Ախալքալաքի ՀԱԿ -ը ստացել է պատվաստվել ցանկացող 62 ուսուցիչների ցուցակ:
Ախալքալաքի ՀԱԿ-ի տնօրեն Սիրանուշ Տոնականյանի խոսքով, պատվաստվել ցանկացող ուսուցիչների ցուցակն իրենց ուղարկվում է Ռեսուրս կենտրոնից, նրանք էլ ուղարկում են Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոց, որտեղ էլ կատարվում է պատվաստումը:
Ախալքալաքի բնակիչների շրջանում մեծ հեղինակություն է վայելում Pfizer պատվաստանյութը, ապա հաջորդում են Sinopharm- ը, Sinovac- ը, իսկ AstraZeneca պատվաստանյութով չեն ցանկանում պատվաստվել:
Pfizer պատվաստանյութի 672 դեղաչափերից, որոնք Ախալքալաքը ստացել էր օգոստոսի սկզբին, մնացել է 137 դեղաչափ:
Այս պահին Sinopharm- ով պատվաստման նախնական գրանցումը դադարեցված է, հասանելի է միայն երկրորդ դեղաչափի համար գրանցումը:
Ախալքալաքում պատվաստումների տվյալները վերջին 2 օրվա ընթացքում.
Երեկ՝ օգոստոսի 31 -ին, Ախալքալաքում Sinovac պատվաստանյութով պատվաստվել է 58 մարդ, Pfizer- ով՝ 34:
Օգոստոսի 30 -ին Pfizer -ով պատվաստվել է 36 մարդ, Sinovac- ով՝ 8, Sinopharm -ով՝ 38 մարդ:
Ախալքալաքում պատվաստման ամբողջ ընթացքում Pfizer- ի առաջին դեղաչափով պատվաստվել է 493 մարդ, իսկ երկրորդ դեղաչափով՝ 29-ը:
Sinopharm- ի առաջին դեղաչափը ներարկվել է 872 մարդու, երկրորդ դեղաչափը` 263 հոգու:
Sinovac- ի առաջին դեղաչափը ստացել է 392 մարդ, երկրորդը` 85 մարդ:
5 հոգի պատվաստվել են AstraZeneca պատվաստանյութի մեկ դեղաչափով, 3 հոգի՝ երկրորդ դեղաչափով:
Ըստ Հանրային առողջության կենտրոնի, պատվաստման գործընթացի սկզբում պատվաստվածների շարքում կային ոչ մեր մունիցիպալիտետից մարդիկ, սակայն վերջին ժամանակում բոլոր պատվաստվածները մեր շրջանից են:
Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցը հաջորդ շաբաթ կստանա Pfizer պատվաստանյութի ևս 600 դեղաչափ, իսկ մեկ շաբաթ առաջ ստացել էր Sinopharm-ի 500 դեղաչափ: