Հայկական «Քոչարի. ավանդական խմբապարը» ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցվելու համար:
Նոյեմբերի 30-ից Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում իր աշխատանքն է սկսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի 10-րդ նստաշրջանը: Կոմիտեն, ի թիվս այլ հարցերի, քննարկեց Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցելու համար ներկայացված 35 հայտ, որոնց թվում էր նաև Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի` «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը:
Կոմիտեի անդամների, փորձագետների և ՀՀ պատվիրակության անդամների միջև ծավալված քննարկումների արդյունքում` կոմիտեն հաստատեց, որ Քոչարի ավանդական խմբապարը, լինելով ազգային ինքնության դրսևորում, տարածված է Հայաստանում և Սփյուռքում: Հայաստանը լրամշակված հայտը կներկայացնի կոմիտեի հետագա քննարկմանը:
«Քոչարին» Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և ներկայումս ամենապահպանված հայկական պարն է: «Քոչ» արմատը, ըստ երևույթին, կապ ունի չամորձատված՝ չկրտած ոչխարի, խոյի «գոչ», «ղոչ» և «խոչ» անվանումների հետ, գալիս է վաղնջական ժամանակներից և կապված է խոյի պաշտամունքի հետ:
«Քոչարի» պարատեսակի ճիշտ ձևի մեջ հստակ պահպանվել են հնագույն շարժումների արմատները, երբեմնի վարքագիծը, ցատկոտումն ու թռչկոտումը, մարտը, խոյերի ու այծերի պոզահարումը, այծամարդու շարժումները:
Խոյի շարժումների նմանակումն առավել վառ արտահայտված է դեպի առաջ, սրընթաց, հարձակողական շարժումների և ծանրության հենարանի տեղաշարժերի մեջ, որոնցով, ասես արտահայտվում է ախոյանին պոզահարելու ցանկությունը:
Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի նախարարությունը: