Հայաստանում Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների հարազատները փողոց են դուրս եկել և պահանջում են վարչապետ Փաշինյանի դեմ գործում իրենց ներգրավել որպես տուժողի իրավահաջորդ:
Հայաստանի ընդդիմությունը հայտարարեց, որ երկուշաբթի օրը՝ ապրիլի 25-ից, մշտական փողոցային ակցիաներ է սկսելու՝ պաշտպանելու Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը իշխանությունների «ապաշնորհ» քաղաքականությունից։ Շարժումը սկսվեց ապրիլի սկզբին խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների համատեղ ակցիայով՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի: Նրանց ղեկավարները հայտարարեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարում է «տարածքներ հանձնելու և խաղաղություն մուրալու արատավոր քաղաքականություն»՝ փոխարենն առաջարկելով ուժեղացնել պաշտպանական կարողությունները։
Ընդդիմության առաջնորդները միաժամանակ պնդում են, որ իրենք պայքարում են ոչ թե իշխանության գալու, այլ գործող իշխանությանը հեռացնելու համար։
Hetq.am-ը գրում է՝ Մարետա Բալայանը Արցախյան երկրորդ պատերազմում կորցրել է իր երկու որդուն՝ Վահեին և Դավիթին։ Երկուսն էլ զոհվել են նույն օրը՝ հոկտեմբերի 11-ին, Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում։
Այսօր նրանց մայրը մասնակցում էր զոհվածների հարազատների կազմակերպած ակցիային՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման և նրա դեմ քրեական գործ հարուցելու պահանջով։
Ելիզավեթ Օհանջանյանը նույնպես ակցիայի մասնակիցներից էր։ Նրա որդին սեպտեմբերի 30-ին կամավորագրվել է և մեկնել Ջրական, այնուհետև մասնակցել Իշխանաձորի մարտերին։ Մայրը պատմում է, որ վերջին անգամ որդու հետ խոսել է հոկտեմբերի 20-ին։ Հենց այդ օրն էլ վիրավորվել ու զոհվել է։
Զոհվածների հարազատները՝ որդիների նկարները ձեռքներին, Շառլ Ազնավուրի հրապարակից մեկնարկեցին իրենց երթը, հասնելով Կառավարություն՝ նրանք արյունոտ ձեռքերով շապիկներ դրեցին Կառավարության շենքի աստիճաններին, որից հետո գնացին Դատախազություն։
«5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը հայտնեց, որ պահանջելու են՝ քրեական գործում զոհվածների ծնողները ներգրավվեն որպես տուժողի իրավահաջորդ։
«Մեզ կանչել են Դատախազություն, զրուցել ենք դատախազ Մուրադյանի հետ, մեզ ասաց, որ նույն անձի՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ևս 4 հաղորդում է եղել հանցագործության մասին, դրանց ընթացք է տրվել, և իրականացվում է քննություն։ Մեր ներկայացրած հաղորդումը նույնպես միանալու է այդ գործերին»,- նշեց զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մորաքույրը՝ Անահիտ Մանասերյանը։
Ծնողներն ասացին, որ Նիկոլ Փաշինյանի ելույթի մեջ կար զանգվածային սպանության մասին խոստովանություն, իրենք պահանջում են, որ գործը քննվի առանձին և հետևողական են լինելու, որ պատշաճ քննություն իրականացվի։
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դուրս էր եկել Դատախազության շենքից՝ զոհվածների հարազատների պահանջը լսելու։
Արթուր Դավթյանի խոսքով՝ եթե խոսքը վերաբերում է օրեր առաջ ծնողների ներկայացրած հաղորդմանը, դատախազական բոլոր հնարավոր գործիքակազմը կիրառվում է օբյեկտիվ քննություն իրականացնելու, վերջնական իրավական գնահատական տալու համար։
«Խնդիրն առաջացավ այն պահից, երբ վարչապետն ԱԺ ամբիոնից ձևակերպում արեց, որ «կարող էինք կանխել պատերազմը, որի հետևանքով մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»։ Այստեղից հարցադրում առաջացավ շատերի մոտ, որ միայն այս ձևակերպումը բավարար է, որ մեղադրանքի նկարագրություն ներկայացվի: Իսկ ես հիմա հակառակն ասեմ, եթե առանց պաշտպանություն կազմակերպելու մեր հայրենիքից տարածքներ զիջվեին, նույն տրամաբանությամբ մեղադրանքի որոշում չէ՞ր գրվի»,- հայտնեց Դավթյանը։
Ծնողներն ընդհատեցին գլխավոր դատախազին, որից հետո նա առաջարկեց հանդիպել 10 ծնողի հետ, սակայն նրանք չհամաձայնեցին։
«Նախաքննության մարմինը փորձելու է զոհվածների մահվան պատճառները վերագրել ադրբեջանական ագրեսիային, և տուժող չճանաչել նահատակներին և իրենց հարազատներին էլ՝ իրավահաջորդներ, որովհետև տուժողի իրավահաջորդները դատավարական իրենց կարգավիճակներով կարող են որոշակի ազդեցություն ունենալ դատավարության վրա։ Այս պահանջով փորձ է արվում իրենց հնարավոր շրջանցումը վերացնել»,- նշեց իրավապաշտպան Արա Զոհրաբյանն՝ ասելով, որ միակ ձևը հասարակական ճնշումն է։
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողներն ապրիլի 18-ին Նիկոլ Փաշինյանի դեմ՝ իր իսկ հայտարարությունների համար հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել Դատախազություն։
«Ինձ ասում էին՝ կարո՞ղ էինք կանխել պատերազմը, այո՛, կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»,- ասել էր Փաշինյանը։