Այսօրվանից՝ հունիսի 15-ից, Վրաստանում վերսկսել են երկաթուղային ուղևորափոխադրումները:
Վրացական երկաթուղին վերսկսել էր տոմսերի վաճառքը հունիսի 10-ին: Այսօրվանից սկսած մայրուղային գնացքները կգործեն հինգ ուղղություններով՝ Թբիլիսի-Բաթումի, Թբիլիսի-Օզուրգեթի, Թբիլիսի-Փոթի, Թբիլիսի-Զուգդիդի, Թբիլիսի-Քութաիսի:
Բոլոր ուղղություններով տոմսերի գները չեն փոխվել, սակայն գնացքները կերթևեկեն միայն ցերեկվա ընթացքում: Բացի այդ, երթուղիների համար նախատեսված կլինի երկու գնացք՝ Բաթումիի և Փոթիի ուղղությամբ:
Գնացք մուտք գործելուց առաջ ուղևորները կանցնեն ջերմաչափում, ախտահանիչ գորգով և կախտահանեն ձեռքերը: Բոլոր վագոններում տեղադրված են ախտահանիչ լուծույթով դիսպենսերներ:
Ուղևորները կտեղավորվեն, ինչպես և նախկինում՝ կողք-կողքի: Դրա հետ մեկտեղ, նրանք չպետք է մտնեն վագոն առանց դիմակի, որը չի կարելի հանել ամբողջ ուղևորության ընթացքում:
Առողջապահության նախարարության ուղևորափոխադրումների երկաթուղային տրանսպորտի այլ հանձնարարականների թվում են` գնացքներում թերթերի, գրքերի կամ ամսագրերի բաժանման արգելքը, ականջակալների հանձնման արգելքը, ինչպես նաև աշխատակիցների հանդերձանքի, վագոնները ախտահանելու և մաքրելու հետ կապված տարբեր կանոններ:
Գնացքների տոմսերը կարելի է ձեռք բերել «Վրացական երկաթուղիներ»-ի բջջային հավելվածի միջոցով, ընկերության կայքում կամ արագ փոխանցման ապարատների միջոցով և «Վրացական երկաթուղիներ»-ի գործընկեր ընկերություններում:
Վրաստանում կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով մարտի 31-ին դադարեցվել էր երկաթուղով ուղևորափոխադրումները:
Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ հունիսի 15-ը հայտարարվել էր երկրում զբոսաշրջային սեզոնի բացման օր: Այսօրվանից վերսկսվել են նաև ներքին ավիաչվերթները:
Վրաստանում միջքաղաքային ուղևորատար ավտոբուսներն ու միկրոավտոբուսները վերսկսել էին իրենց աշխատանքը հունիսի 8-ից: Մայիսի 29-ից Թբիլիսիում և երկրի այլ քաղաքներում հասարակական տրանսպորտի բոլոր տեսակները սպասարկում են ուղևորներին: