Այսօր Վրաստանում ևս 23 շնչառական սարք է ձեռք բերվել, որոնք պետք է ուղարկվեն Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարին օգնելու նպատակով: Նրանցից 2-ի ձեռքբերմանը նպաստել են Ջավախքի բնակիչները: «Հայաստանի ընկերներ — Վրաստան» նախաձեռնությունը շարունակվում է, Հայաստանն ունի շնչառական սարքերի, հիվանդատեղերի, դիմակների, բուժման ու պաշտպանության այլ միջոցների կարիք:
Այսօր Ջավախքը նույնպես միացավ Վրաստանում մեկնարկած Հայաստանին օգնության նախաձեռնությանը: Ջավախքի լրատվական կենտրոնի (jnews.ge) թիմը, ներդրում կատարելով իր միջոցները և կազմակերպության որոշ խնայողությունները, նպաստեց մեկ սարքի գնմանը, ևս մեկ սարքի համար վճարել է Ախալքալաքի «Vlad» խանութի կողմից: Ջավախքում Հայաստանին օգնելու նախաձեռնությունը շարունակվում է, և ցանկության դեպքում բոլորը կարող են միանալ դրան:
Հիշեցնենք, որ 2 օր առաջ 27 շնչառական սարք (թթվածնային կոնցենտրատոր) է ուղարկվել Հայաստան, որոնք արդեն ծառայում են նպատակին: Այսօր ևս 23 սարք է գնվել, որոնց ձեռքվերման գործընթացին՝ բացի Վրաստանի քաղաքացիներից, միացել են նաև սփյուռքահայերը: 12 սարք գնվել է Լյուքսեմբուրգի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների ֆինանսական աջակցությամբ: 8 շնչառական սարք գնվել է «Caritas Georgia»-ի կողմից: Մեկ սարք էլ ձեռք է բերվել Բելգիայի հայերի կողմից և 2 սարք Ջավախքից:
Հունիսի 7-ին «Ալիք մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովի միջնորդությամբ թբիլիսաբնակ օտարերկրյա մի գործարար թթվածնային 10 կոնցենտրատոր էր նվիրել Հայաստանին:
Լուրը տարածելու հաջորդ օրը, ՀՀ առողջապահության նախարարությունից կապ են հաստատել՝ նշելով, որ շնչառական սարքերի պահանջարկ էլի կա, նախարարությունը պատրաստ է գնել, խնդրեցին պարզել արդյո՞ք հնարավոր է որոշակի քանակություն ևս ձեռք բերել:
Այս ընթացքում, թբիլիսաբնակ մի շարք հայեր և ոչ միայն, գործարարներ, հասարակական գործիչներ ցանկություն էին հայտնել իրենց աջակցությունն ունենալու մայր հայրենիքին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում:
Հայաստանով մտահոգ վրաստանյան մի քանի գործարարների արագ արձագանքի արդյունքում ընդամենը մի քանի ժամում կազմակերպվեց հավելյալ 17 արհեստական շնչառության շարժական սարք ձեռք բերելու գործը: Սահման հասցնելու գործը կազմակերպել էր Վրաստանում ՀՀ դեսպանատունը:
Շնչառական սարքերը հայկական կողմում ընդունող «Հայաստան համահայկական հիմնադրամի» գործընկերների կողմից տարվում են ինֆեկցիոն հիվանդանոցներ՝ ըստ նշանակակետի:
Այս պահին Թբիլիսիում ՀՀ-ին օգնելու զուգահեռ մի քանի նախաձեռնություն է ընթացքի մեջ: Նախօրեին մեկնարկել է «Մեկ դիմակ՝ մեկ կյանք» նշանաբանով դրամահավաքը:
GE03BG0000000345892183 հաշվեհամարին (ստացող` Արշակ Բադալյան) մարդիկ գումար են փոխանցում, որով դիմակներ են գնվելու ՀՀ-ում բնակվող սոցիալապես անապահով խմբերի համար, ովքեր առավել շատ ունեն դրանց կարիքը, կամ ստիպված են գործի բերումով հաճախ օգտվել տրանսպորտից, կամ լինել մարդաշատ փակ տարածքներում: