Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն՝ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային անցակետերում ուժեղացվել է բեռնատար մեքենաների՝ այլ երկրների քաղաքացի հանդիսացող վարորդների նկատմամբ վերահսկողությունը, ովքեր վերջին 14 օրերի ընթացքում եղել են նոր կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկայնություն ունեցող երկրներում: Մասնավորապես, բեռնատարի՝ օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսացող վարորդը, ով նախքան Վրաստանի սահման ժամանելը եղել է ռիսկի բարձր մակարդակ ունեցող երկրում, համաձայն «Կառավարության № 164 որոշման», անցնում է հետևյալ ընթացակարգերով․
. Վրաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը, որի վարորդը Վրաստանի քաղաքացի չէ, ենթակա է անցակետից անցակետ պարտադիր ուղեկցման՝ տարանցիկ բեռնափոխադրում իրականացնելու ողջ ընթացքում։
Ինչ վերաբերում է Վրաստանի տարածք բեռների ներմուծմանը (ոչ տարանցիկ), ապա իրականացվում են հետևյալ ընթացակարգերը. այն բեռնատարները, որոնք վերջին 14-օրվա ընթացքում եղել են նոր կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկայնություն ունեցող երկրներներում (Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից բարձր ռիսկային գոտի ճանաչված) և ապրանքներ են ներմուծում Վրաստան, ապա Վրաստան մուտք գործելու պահին․
. բեռնատարի վարորդին կփոխարինի ռիսկային խմբի երկրների հետ կապ չունեցող ֆիզիկական անձ (ներառյալ կորոնավիրուսի փոխանցման տարածքներից), և այդ ընթացակարգը պետք է համապատասխանի հետևյալ պայմաններին.
ա) մաքսային մարմնի լիազորված անձի հսկողության ներքո կկատարվի բեռնատար մեքենայի համապատասխան ախտահանում,
բ) բեռնատար մեքենայի վարորդը (այն անձը, ով մեքենան վարել է մինչև Վրաստանի մաքսային սահման հասնելը) պետք է ետ վերադարձվի (այլ պետության քաղաքացին) կամ, կլինիկական վիճակից ելնելով, ենթարկվի կարանտինի/բժշկական հաստատություն տեղափոխման,
գ) կամ տեղի է ունենում բեռնատար մեքենայի քարշակի (тягач) փոխարինում։ Փոխարինվում է այնպիսի քարշակով, որը չի եղել ռիսկային գոտում: Միևնույն ժամանակ, մաքսային մարմնի լիազորված անձի հսկողության ներքո կկատարվի բեռնատարի կցորդիչի համապատասխան ախտահանում, իսկ մյուս քարշակը ետ կուղարկվի (քարշակը, որն օգտագործվել է մինչև Վրաստանի մաքսային տարածք բեռի տեղափոխման համար):
. Եթե վարորդը չի կարող փոխարինվել մեկ այլ վարորդով, ապա տրանսպորտային միջոցը տեղափոխվում է մոտակա մաքսային հսկողության գոտի, և ապրանքը բեռնվում է մեկ այլ մեքենայի մեջ։
Ինչ վերաբերում է այլ երկրներից ժամանած վարորդներին (վերջին 14 օրը ռիսկային գոտում չեղած), ապա մաքսային հսկողության կետում նրանք անցնում են սանիտարա-կարանտինային հսկողության ընթացակարգեր (բժշկական պատմության մանրամասն հավաքագրում, միջազգային առողջապահական կանոններին համապատասխան զննում, ներառյալ՝ ջերմազննում (Termoscreening) և այլն)։
Հիմնվելով համաճարակաբանի կողմից իրականացված ստուգման արդյունքների վրա՝ եթե վարորդն ունի բարձր ջերմություն և/կամ այլ կասկածելի ախտանշաններ, ապա այս դեպքում վարորդը ետ է վերադառնում (բացառությամբ Վրաստանի քաղաքացիների), իսկ բեռի հետ կապված կարող են իրականացվել վերոնշյալ ընթացակարգերը։
Վրաստանի քաղաքացիների մոտ ախտանշանների առկայության պարագայում, վարորդը հետագա զննություն անցնելու նպատակով պետք է տեղափոխվի համապատասխան բժշկական հաստատություն։
Այն վարորդները, որոնց առողջական վիճակը գոհացուցիչ է, անխոչընդոտ կերթևեկեն: Մաքսային անցակետերում, կորոնավիրուսի տարածման հետ կապված, իրականացվում է խիստ հսկողություն՝ 24-ժամյա ռեժիմով: Տեղում ստեղծվել են նաև կարանտինային գոտիներ:
Վերոնշյալ տեղեկատվությունը Եկամուտների ծառայության կողմից տրամադրվում է նաև բեռնափոխադրումներով զբաղվող ընկերություններին և գործարար ոլորտի ներկայացուցիչներին:
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հայտարարությունը տարածում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: