Այսօր Թբիլիսիում, Վրաստանի Արտաքին գործերի նախարարության դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա ընդդեմ Ադրբեջանի գործողությունների, որոնք Վրաստանի քաղաքացիների մեջ միմյանց հանդեպ ատելություն են սերմանում:
Ակցիան կազմակերպել էր «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը:
Ցուցարարները հավաքվել էին Խորհրդարանի մոտ և ուղևորվել Վրաստանի Արտաքին գործերի նախարարություն: Ինչպես հայտարարում են կազմակերպիչները, ակցիայի նպատակն էր կանխել հարևան երկրի` Ադրբեջանի միջամտությունը Վրաստանի քաղաքականության մեջ:
Ուզում ենք նշել, որ փետրվարի 25-ին մի խումբ ադրբեջանցի ակտիվիստներ անցկացրեցին ֆլեշ-մոբ Ռուսթավելի պողոտայի վրա: Ակտիվիստները բաժանում էին բուկլետներ, պատմող այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մասին: Հարկ է նշել, որ ակցիային ներկա էին նաև մարդիկ, ովքեր եկել էին Ադրբեջանից: Դա էլ դարձավ հասարակական կազմակերպությունների դժգոհության պատճառը:
«Վրաստանի հայ համայնքի» նախագահ Սամվել Մկրտչյանն հայտարարեց.
«Մենք Վրաստան պետությունից պահանջում ենք, որ նրանք թույլ չտան հարևան երկիրը իր դեսպանատան միջոցով միջամտի երկրի ներքին գործերին, և հրահրի Վրաստանի քաղաքացի ազգությամբ ադրբեջանցիներին ու հայերին հակամարտությունների Վրաստանի տարածքում: Վերջերս դա իրականանում է Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան առաջնորդությամբ և ֆինանսական աջակցությամբ: Իշխանությունները կարծես թե աչք են փակում դրա վրա, ինչը և վտանգի տակ է դնում երկրի անվտանգությունը, ժողովրդավարությունը և ապագան: Հենց սա է բողոքի ակցիայի պատճառը, և մենք հույս ունենք, որ մեր ձայնը լսելի կլինի, իսկ ԱԳՆ-ն կգործի ըստ օրենքի, այսինքն, կպաշտպանի Վրաստանի անկախությունն ու օրենքները»:
Բողոքի ակցիայի վերջում «Վրաստանի հայ համայնքը» հանձնեց նամակը Արտաքին գործերի նախարարությանը:
Լուսինե Աստոյան