Գումաթի գյուղի տարածքում (Իմերեթիի շրջան), որտեղ բողոքի ցույց էր ընթանում ընդդեմ Նամախվանի հիդրոէլեկտրակայանի կառուցման, տեղի է ունեցել քաշքշուկ քաղաքացիական ակտիվիստների և ոստիկանության միջև: Ռիոնի գետի կիրճի պաշտպանության համար շարժման անդամները փորձել են ճեղքել իրավապահների տեղադրած մետաղական արգելապատնեշները, բայց վերջիններս թույլ չեն տվել դա անել:
Ըստ ցուցարարների, իրավապահները բերման են ենթարկել երկու ակտիվիստների: Ականատեսներն ասում են, որ ոստիկանությունը կոպիտ վերաբերմունք է ցուցաբերել: «Մենք չենք փորձում ֆիզիկական դիմակայման մեջ մտնել, բայց դա չի նշանակում, որ մենք անտարբեր պիտի կանգնենք և ոչինչ չանենք», – ասել է բողոքական շարժման առաջնորդներից մեկը՝ Վառլամ Գոլեթիանին:
Իր հերթին, ՆԳՆ-ն հավաքվածներին կոչ է արել հետևել օրենքի պահանջներին և պահպանել հանգստությունը: Գերատեսչությունից հայտնել են, որ իրավապահները գործելու են իրենց տրված մանդատի շրջանակներում և արձագանքելու ցանկացած խախտման.
«ՆԳՆ պաշտոնյաները մոբիլիզացվել են Ռիոնի գետի կիրճում՝ անվտանգության միջոցառումների հետ կապված, իրադարձությունների արհեստական սրացումից խուսափելու, ինչպես նաև հասարակական կարգը պահպանելու նպատակով», – ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ:
Հատուկ հայտարարություն է տարածել նաև ՀԷԿ-ը կառուցող ENKA ընկերությունը: Դրանում ասվում է, որ բողոքի ակցիայի հետ կապված ծանր տեխնիկայի տեղաշարժը սահմանափակ է եղել, բայց նախապատրաստական աշխատանքների այլ տեսակները տարվում են ըստ ծրագրի: