Առաջին բանը, որ պետք է արվի, Վրաստանի քաղաքացիներին ընտելացնելն է իրենց երկրում հանգստանալու հարցում: Այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան զրուցել է Իմերեթիի շրջանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Նախնական փուլում կբացվի ներքին տուրիզմը և ես վստահ եմ, ներքին տուրիզմը ևս կունենա բավականին մեծ պահանջարկ: Փաստ է, որ վրացիները չեն կարողանա հանգստանալու նպատակով մեկնել արտասահման։ Վերջին մի քանի տարին է, նրանք շատ են սիրել ինչ֊ինչ տեղեր գնալ, այժմ չեմ ասի, թե որտեղ, որպեսզի չվիրավորեմ ոչ ոքի: Ուստի, առաջինը, ինչը պետք է անենք՝ վրացիներին սովորեցնելն է, որ հանգստանան Վրաստանում և զբոսաշրջության համար գումար ծախսեն Վրաստանում»,- նշել է վարչապետը:
Բացի այդ, Նախարարների կաբինետի ղեկավարն ասել է, որ Իսրայելը, ամենայն հավանականությամբ, կդառնա առաջին երկիրը, որտեղից Վրաստանը կընդունի արտասահմանյան զբոսաշրջիկներին: Նրա խոսքով՝ Իսրայելի համար առավել հետաքրքիր են երկու ուղղությունները՝ Քութաիսին և Բաթումին:
«Մենք բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ մենք անպայման պետք է միասին աշխատենք: Եթե կառավարությունը, բիզնեսը և տեղական իշխանությունները միասին չգործեն, ոչինչ չի ստացվի: Ավելին, մենք բոլորս պետք է հասկանանք, որ այս համավարակը գլոբալ մարտահրավեր է, և մենք, որպես առանձին երկիր, միայնակ չենք կարողանա հաղթահարել դա: Հետևաբար մենք շատ ակտիվ համագործակցում ենք առանձին երկրների հետ երկկողմ ձևաչափով, և առաջինը, որտեղից մենք կընդունենք զբոսաշրջիկներին, Իսրայելն է», – ասել է Գախարիան:
Հիշեցնենք, որ Վրաստանում ներքին տուրիզմը կբացվի հունիսի 15-ին, իսկ արտասահմանցի այցելուներին երկիրը մտադիր է սկսել հուլիսի 1-ից: