Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի 44-ամյա բնակչի մոտ COVID-19-ի հաստատման հետ կապված նրա ընտանիքի անդամներին կտեղափոխեն Ախալցիխեի կարանտինային գոտի:
Ըստ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանի, նրանք Կենտրոնից սպասում են հրամանագրի և Ախալցիխե քաղաքից բրիգադին՝ գյուղում համաճարակաբանական հետազոտություններ սկսելու համար: Վարակվածի ընտանիքի անդամները կտեղափոխեն Ախալցիխեի կարանտինային գոտի:
Վարակվածների հետ նույն տրանսպորտով գյուղ ժամանած համագյուղացու ընտանիքը դեռևս ինքնամեկուսացված է: Մնացած գյուղացիներին նախազգուշացվել է, որ հնարավորինս զգույշ լինեն և պաշտպանվեն:
Ինչպես հայտնում են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից, այն մասին, թե ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկվեն մունիցիպալիտետում, հանձնարարականները կուղարկվեն տեղի ՀԱԿ:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի 44-ամյա բնակչի մոտ, որը հունիսի 2-ին տեղափոխվել էր Գորիի զինվորական հոսպիտալ, հաստատվել է կորոնավիրուս:
Մայիսի 31-ին Ղաուրմա գյուղի բնակիչը կարանտինից տուն էր վերադարձել։ Վրաստան տեղափոխվելուց հետո նա ավելի քան 14 օր կարանտինային գոտում էր գտնվում: Նրան թեստավորել էին կորոնավիրուսի առնչությամբ, բայց թույլ էին տվել տուն գնալ, սակայն հունիսի 2-ին Ղաուրմա գյուղի 44-ամյա բնակիչը կեսօրին տեղափոխվել էր Գորիի զինվորական հոսպիտալ՝ կորոնավիրուսի կասկածանքով: Բնակիչն ինքը չէր դիմել տեղի հիվանդանոցներին կամ բժիշկներին: Նրան փնտրել և գտել էին Հիվանդությունների վերահսկման կենտրոնից:
Այն մասին, թե ինչպես է եղել, որ վարակված անձին ազատ են արձակել կարանտինից, և ինչ անվտանգության միջոցներ են ձեռնարկվելու Ջավախքում, մենք կհաղորդենք մեր հաջորդ նյութերում: