Այսօր Թբիլիսիում խորհրդարանի լիագումար նիստին զուգահեռ ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացնում: Սովորության համաձայն ընդդիմության ներկայացուցիչները հավաքվել են խորհրդարանի մուտքերի մոտ և «ամոթի միջանցք» են կազմել իշխող կուսակցության պատգամավորների համար:
Այս անգամ ցուցարարները բողոքում են գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի ընտրությունը, որն ըստ ընդդիմության Բիձինա Իվանիշվիլիի «խամաճիկն» է և անելու է այն, ինչ ասի Իվանիշվիլին:
Ակցիայի ընթացքում իրավապահների և ցուցարարների միջև մի քանի փոքր միջադեպ տեղի ունեցավ: Իրավապահները փորձում էին ցուցարարներին տեղափոխել մայթերի վրա, ինչին հակառակ ցուցարարները շարժվում էին դեպի փողոց` փորձելով փակել այն:
Հիշեցնենք, այսօր խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում զեկույցով է հանդես գալու խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, ապա օրենսդիրները լսելու են գլխավոր դատախազի թեկնածու Իրակլի Շոթաձեին: Այս շաբաթվա լիագումար նիստին խորհրդարանը կընտրի Վրաստանի գլխավոր դատախազին:
Aliq.ge