Կորոնավիրուսն ընտանիքներ է բաժանում երկու կամ նույնիսկ երեք մասի` կարանտինի, կարանտինից վախի, տարբեր քաղաքացիության պատճառով, շատերը վախենում են և չեն կարող վերադառնալ Ջավախք` ամեն օր անհանգստանալով և տանջվելով անորոշությունից:
Մարիաննա Առաքելյանը միշտ ապրում էր Ախալքալաքում, բայց եկավ մեկ պահ և ամեն ինչ փոխվեց, առողջական խնդիրների պատճառով ստիպված եղավ վերցնել Հայաստանի քաղաքացիություն, որպեսզի Ռուսաստանում վիրահատություն և բուժում անցնի: Վիրահատությունից, բուժումից և Հայաստան վերադառնալուց հետո, որտեղից նա պետք է գար Ախալքալաք՝ սահմանները փակվեցին: Նա 3 ամսվա ընթացքում մնացել էր Հայաստանում: Սկզբում նա գրել էր Jnews-ի խմբագրությանը և օգնություն խնդրել, բայց ելնելով իրավիճակից՝ նրան հնարավոր չէր օգնել:
«Մենք զանգահարեցինք Հայաստանում Վրաստանի դեսպանատուն, քանի որ ասում էին, որ խառը ընտանիքներին հնարավոր է հատել սահմանը: Իմ որդին Վրաստանի քաղաքացի է: Ինձ ասացին, որ նշանակություն չունի, որպեսզի ինձ թույլ տան մուտք գործել՝ կամ որդիս պետք է անչափահաս լինի, կամ պետք է ամուսինս լինի Վրաստանի քաղաքացի: Ես տուն գնալու հնարավորություն չունեմ: Ապրում եմ բարեկամներիս, ծանոթներիս մոտ՝ մեկական ամիս, բայց որքան կարող է այդպես շարունակվել, անտանելի է», – լացելով պատմում է նա:
Ըստ մեր տվյալների՝ Ախալքալաքի երաժշտական դպրոցից առնվազն 4 հոգի կորոնավիրուսի պատճառով չի կարողացել վերադառնալ տուն՝ Ախալքալաք: Պատճառը հիվանդությունից և կարանտինից վախն է:
«Կորոնավիրուսի պատճառով ես մնացել եմ Հայաստանում, Աստված տա գոնե չհիվանդանամ, փորձում եմ տաքսի գտնել, որպեսզի հաջորդ շաբաթ հասնեմ մինչև «Սադախլո», իսկ հետո կարանտին չգիտեմ էլ ուր են տանում, անկեղծ ասած վախենում եմ: Մարտի 8-ից ես գտնվում եմ Հայաստանում: Պետք է երեք օր հետո գայի, բայց սահմանները փակվեցին, և ես երեք ամսով մնացի այստեղ», – պատմում է Ախալքալաքի երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Կարոյանը:
Սվետլանան երաժշտական դպրոցի միակ աշխատակիցը չէ, ով պատանդ է մնացել Հայաստանում՝ կորոնավիրուսի պատճառով:
«Ես չեմ վերադառնում այն պատճառով, որ ես երբեք չեմ անցել «Սադախլո» անցակետով և վախեր ունեմ կարանտինի գոտում վարակվելու առումով:
Ես տեղեկատվություն եմ ստանում միայն լրատվամիջոցներով, սակայն թե ինչպես, ում հետ կապվեմ՝ ամոթ է ասել, բայց չգիտեմ: Ես չեմ դիմել դեսպանատուն, ապրում եմ իմ դստեր հետ: Հայաստանում ասում են, որ սկսվել է երկրորդ ալիքը: Ես դուրս չեմ գալիս և տեղյակ չեմ տեղեկատվության հավաստիության մասին: Ես շատ-շատ եմ ուզում վերադառնալ: Հայրս մենակ է մնացել Ախալքալաքում: Ամուսինս մենակ է: Ես այստեղ լավ եմ, բայց իմ տղամարդկանց համար շատ անհանգիստ եմ: Դուք կարո՞ղ եք ինձ օգնել», – ասում է երաժշտական դպրոցի ուսուցիչ Մարինե Երիցյանը:
Առանձին ողբերգություն է, երբ երեխան երկար ժամանակով բաժանվում է ծնողներից, այդպես է եղել Արմինե Ս.-ի փոքր դստեր հետ՝ Նինոծմինդայից: Նրա ընտանիքը վաղուց ապրում է Հայաստանում, արձակուրդների ժամանակ Արմինեի 3-ամյա դուստրը տատիկի և պապիկի հետ մեկնել է Նինոծմինդա: Այդ ժամանակվանից ի վեր երեխան Նինոծմինդայում է՝ բաժանված ծնողներից:
«Այն պատճառով, որ իմ երեխան Վրաստանում է՝ ես սթրես եմ ապրում, և ես չեմ կարողանում նորմալ աշխատել: Մենք պետք է պապիկիս ծննդյան օրվա առթիվ` մարտի 17-ին գնայինք: Մարտի 14-ին իմացանք, որ սահմանները փակվում են: Մենք այդ մասին տեղեկություն չունեինք, հակառակ դեպքում մեր աղջկան նախօրոք հետ կբերեինք: Չէինք մտածում, որ այսքան երկար կշարունակվի: Մենք մտածում էինք, որ գլխավորը երեխայի անվտանգությունն է: Մենք չէինք էլ պատկերացնում, որ ամիսներ կտևի: Ամուսինս չէր կարող գալ, քանի որ նա ՀՀ քաղաքացի է, ես կարող էի գալ, քանի որ ես Վրաստանի քաղաքացի եմ, բայց ես չէի կարողանա հետ վերադառնալ ամուսնուս մոտ, ինձ չէին թողնի Հայաստան: Երեխաս նույնպես ՀՀ քաղաքացի է: Ես կարող էի 2 շաբաթ կարանտինում մնալ և վերադառնալ, իսկ հետո պիտի մնայի Վրաստանում, իսկ ամուսինս՝ Հայաստանում», – պատմում է Արմինեն:
Նա՝ իր ամուսնու հետ միասին, ամեն կերպ փորձում էր երեխային իր մոտ տանել, բայց տարբերակներն անիրատեսական են:
«Մենք կապվել ենք Հայաստանում Վրաստանի դեսպանատան, Հայաստանի արտգործնախարարության հետ, Շիրակ Թորոսյանի հետ… Մենք ուզում էինք գոնե մեկ օրով «Բավրայի» մաքսատունը բացելու հնարավորություն լիներ, և թույլ տային մեր դստերը տանել Հայաստան: Հայկական կողմը պատրաստ էր օգնել մեզ՝ որպես բացառություն, բայց մեզ ասացին, որ վրացական սահմանը թույլ չի տա: Մեզ ասացին, որ դա հնարավոր է միայն Բագրատաշենով և միայն երեխային: Բայց ինչպե՞ս կարելի է 3 տարեկան երեխային ուղարկել միայնակ՝ առանց մեծահասակների ուղեկցման, դա անհեթեթություն է: Առանց այն էլ սթրես է մի երեխայի համար, ով նույնիսկ դժվարությամբ է մնում պապիկի և տատիկի մոտ: Ինչպե՞ս կարող է նա այդքան երկար ճանապարհը մենակ՝ անծանոթ մարդկանց հետ գնալ», – ասում է Արմինե Ս.-ն:
Այս մարդկանց և շատերի համար այսօր ամենամտահոգիչ հարցն այն է, թե որքան կտևի այս ամենը, բայց ոչ ոք չի կարող այս հարցին պատասխանել, քանի որ ամեն ինչ կախված է համաճարակաբանական իրավիճակից՝ ոչ միայն Վրաստանում, այլև Հայաստանում, ինչը խնդիրն էլ ավելի է բարդացնում…
Քրիստինե Մարաբյան