Գլխացավը, հարբուխը, կոկորդի ցավը, փռշտոցը և ընդհանուր թուլությունը կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամի հինգ հիմնական նախանշաններն են, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարակաբան Մայա Բուցաշվիլին։
Նա նշում է, որ այս եզրակացությունները արել է՝ ուսումնասիրելով վերջերս հայտնաբերված շտամի վերաբերյալ հրապարակված մի քանի հետազոտությունների տվյալները, որոնք ակտիվորեն տարածվում են Վրաստանում։
«Omicron»-ն արտահայտվում է վարակվելուց հետո երեք օրվա ընթացքում:
Նաև նոր շտամը կարող է առաջացնել փսխում, գիշերային քրտնարտադրություն, գոտկացավ՝ այս ախտանշանները նախկինում չէին բնորոշում կորոնավիրուսային վարակին։
«Omicron»-ը կարող է նաև հազ առաջացնել, բայց ավելի մեղմ ձևով, քան կորոնավիրուսի նախկին տեսակների դեպքում։
«Օմիկրոնը» գործնականում չի առաջացնում երկարատև մարմնի ջերմության բարձրացում, բացառությամբ հազվադեպ դեպքերի։ Բացի այդ, այս շտամը հազվադեպ է առաջացնում հոտի և համի կորուստ, նշում է Բուցաշվիլին։
Նոր շտամն ավելի քիչ է վնասում թոքերը և, հետևաբար, հազվադեպ է առաջացնում շնչառության հետ կապված բարդություններ:
Բուցաշվիլին նշում է, որ «օմիկրոնով» վարակվածները 70%-ով ավելի քիչ հավանական է, որ հայտնվում են հիվանդանոցում, իսկ նրանք, ովքեր հայտնվում են՝ վերակենդանացման բաժանմունք ընկնելու ռիսկը 50%-ով ցածր է: Նման հիվանդների մոտ չորսից հինգ անգամ ավելի քիչ հավանական է, որ արհեստական շնչառության սարքին միացվեն:
Բացի այդ, պատվաստանյութի երեք՝ երկու պարտադիր և մեկ խթանիչ դեղաչափերը, նվազեցնում են հոսպիտալացման հավանականությունը 80%-ով։
Հարկ է ուշադրություն դարձնել նաև 65 տարեկանից բարձր «օմիկրոնով» հիվանդների հոսպիտալացման տոկոսին` այն կազմում է 5%:
Շատ երկրներում լուրջ խնդիրներ են ի հայտ եկել վարակվածների մեծ թվի և աշխատավայրում տիրող ճգնաժամի պատճառով, նշում է Բուցաշվիլին։
Հունվարի 12-ի դրությամբ Վրաստանում գրանցվել է «օմիկրոնի» լաբորատոր հաստատված 951 դեպք։ Վրաստանում կորոնավարակի «օմիկրոն» տեսակի առաջին դեպքերը հայտնաբերվել են դեկտեմբերի 20-ին։
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն նախօրեին հայտնել էր, որ Վրաստանում «օմիկրոնի» շրջանառության ներկայիս մակարդակը միջինում կազմում է մոտ 45%, շրջաններում՝ 30%, Թբիլիսիում՝ 60%։
Վրաստանում կորոնավիրուսի տարածման վեցերորդ ալիքն է: Վերջին մեկ օրվա ընթացքում հաստատվել է վարակման 5 596 նոր դեպք։ Համավարակի սկզբից Վրաստանում գրանցվել է վարակի ավելի քան 973 հազար դեպք, բուժվել է ավելի քան 919 հազար մարդ, մահացել՝ 14 311-ը։