Ախալցիխեում մոր և նրա երկու որդիների մոտ, որոնք վերադարձել են Ռուսաստանից, կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին հայտնում է sknews-ը: Ժամանելուն պես նրանք կարանտինային գոտի են տեղափոխվել և այնտեղ էին գտնվում: Նրանց բուժման նպատակով տեղափոխել են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց:
Մայրը և նրա երկու որդիները Մոսկվայից ժամանել են մայիսի 25-ին: Ինչպես ասել է որդիներից մեկը, նրանց սահմանից տեղափոխել են կարանտինային գոտի: Մայիսի 28-ին անցկացված կորոնավիրուսի թեստը դրական է եղել՝ ժամանելուց երեք օր անց: Բոլորը նույն օրը տեղափոխվել են Թբիլիսի:
«Մենք ժամանել ենք 4 օր առաջ՝ մայիսի 25-ին: Մեզ ուղեկցեցին ոստիկանները, սահմանից մենք հասանք անմիջապես կարանտինային գոտի: Երրորդ օրը ես նկատեցի, որ ես կորցրել եմ համի զգացողությունը, հետազոտվեցինք և հայտնաբերվեց կորոնավիրուսի առկայությունը: Այժմ բոլորս կորցրել ենք մեր համի զգացողությունը, մենք այլ ախտանշաններ չունենք», – ասում է վարակված երիտասարդը:
Մայիսի 29-ի տվյալների համաձայն, Սամցխե-Ջավախքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 10 դեպք, այստեղից 4 վարակակիրները տեղի բնակիչներ են, իսկ 6-ը` Վրաստանի տարբեր շրջանների: