ԱՄՆ-ի սննդի և դեղերի որակի հարցերով գործակալությունը (FDA) հաստատել է Pfizer-ի օգտագործումը 12-ից 15 տարեկան դեռահասներին պատվաստելու համար:

Ըստ CNN-ի՝ սա առաջին պատվաստանյութն է, որն ԱՄՆ-ում կկիրառվի դեռահասների պատվաստման համար: Նախկինում Pfizer պատվաստանյութը թույլատրվել էր 16 տարեկանից բարձր անձանց օգտագործման համար: ԱՄՆ-ում օգտագործվող մնացած պատվաստանյութերը, այդ թվում՝ Moderna-ն և Johnson-ը, այս երկու պատվաստանյութերն էլ հասանելի են 18 տարին լրացած անձանց համար:

FDA-ի որոշումը հիմնված է կլինիկական ուսումնասիրության վրա, որն ընկերությունն իրականացրել է 12-ից 15 տարեկան 2 260 դեռահասների շրջանում: Ընկերությունն ուսումնասիրության մեջ նշել է, որ պատվաստանյութը 100%-ոց արդյունավետություն է ցուցաբերել և ապացուցել իր անվտանգ լինելը:

FDA-ն հայտարարում է, որ պատվաստանյութը դեռահասների մոտ նույնիսկ ավելի արդյունավետ է եղել, քան 16-25 տարեկան տարիքային խմբում, իսկ անվտանգության տեսանկյունից արդյունքներն եղել են նույնական:

Ըստ CNN-ի՝ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի (CDC) պատվաստումների խորհրդատվական կոմիտեն այժմ պետք է հավաքվի չորեքշաբթի օրը՝ որոշում կայացնելու համար, արդյո՞ք ԱՄՆ-ում դեռահասներին այս դեղամիջոցով պատվաստել, թե՝ ոչ:

Հրատարակությունը գրում է, որ 12-15 տարեկան դեռահասները կազմում են ԱՄՆ-ի բնակչության 5%-ը: Թույլտվության ընդլայնումը նշանակում է, որ պատվաստումները հասանելի կլինեն ԱՄՆ բնակչության 85%-ի համար:

Վեց ամսեկանից տասնմեկ տարեկան երեխաների շրջանում պատվաստանյութի անվտանգության և արդյունավետության վերաբերյալ հետազոտությունները շարունակվում են: