Պետությունը պատրաստվում է սուբսիդավորել այն քաղաքացիների հիպոտեկային վարկերը, որոնք ցանկանում են բնակարան գնել մինչև տարվա վերջ,- այսօր խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Մինչև այսօր Վրաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագիրն օգնել է միայն նրանց, որոնք ունեին սպառողական վարկեր:
«Այսօրվանից մինչև տարեվերջ պետությունը սուբսիդավորելու է բոլոր այն մարդկանց հիպոտեկային վարկերը, ովքեր որոշում են ընդունել հիպոտեկային վարկ վերցնել և բարելավել բնակարանային պայմանները մինչև տարեվերջ», – ասել է Գախարիան:
Վարչապետը բացատրել է, որ վարկերի սուբսիդավորումը շինարարության աջակցության ծրագրի մի մասն է, որը տուժել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Որոշ խոշոր շինարարական ընկերություններ արդեն հայտարարել են, որ չեն բացառում աշխատողների հնարավոր հեռացումը:
«Ամենամեծ վնասը կրել է շինարարության ոլորտը: Մենք արդեն մշակել ենք օգնության հատուկ ծրագիր ոչ միայն ընկերությունների, այլև այն քաղաքացիների համար, ովքեր կամ որոշել են բնակարան գնել, կամ ընթացքի մեջ են և պատրաստվում են կատարել կանխավճար, կամ նրանց բնակարանն արդեն կառուցապատման փուլում է: Պետությունը բոլոր ռիսկերը կվերցնի իր վրա», – ասել է Գախարիան: